Եթե հայտնաբերվի վտանգավոր աստղակերպ, որը հետագայում բախվելու է Երկրի հետ, ապա դրա շեղումը համարվում է ամենաօպտիմալ սցենարը: Եթե բավական ժամանակ կա, ապա արագության նույնիսկ փոքր փոփոխությունը պետք է բավական լինի օբյեկտի ուղեծիրը փոխելու համար, եւ այն կշրջանցի մեր մոլորակը, տեղեկացնում է «Տիեզերք, տարածություն, ժամանակ» գիտահանրամատչելի ամսագիրը՝ հղում անելով phys.org-ին:

Բայց ի՞նչ անել, եթե մինչեւ բախումը ընդամենը մի քանի ամիս է մնացել: Այս դեպքում, աստղակերպի վրա ազդեցության հնարավոր մեթոդների ցանկը կտրուկ կրճատվում է եւ հիմնականում հանգում է միջուկային զենքի օգտագործմանը՝ փորձելով ոչնչացնել օբյեկտը: Ամերիկացի հետազոտողների խումբը որոշել է նման սցենարի մոդելավորում կատարել`դրա արդյունավետությունը գնահատելու համար:

Իրենց մոդելի համար գիտնականները վերցրել են երկնային մարմին՝ մոտ 100 մետրանոց Բեննու աստղակերպի տեսքով: Բնակեցված վայրում ընկնելու դեպքում այն կարող է ամբողջությամբ ոչնչացնել մեծ քաղաք: Այնուհետեւ հետազոտողները դրա մակերեւույթից մի քանի մետր հեռավորությամբ մոդելավորել են մեգատոնային միջուկային ռումբի պայթյուն եւ գնահատել են, թե ինչպես կփոխվի երկնային մարմնի ուղեծիրը եւ ինչ հետագիծ կունենան արդյունքում առաջացած բեկորները:

Հետազոտության ընթացքում գիտնականները հանգել են բավականին լավատեսական եզրակացությունների: Աստղակերպերի բոլոր հինգ ուղեծիրների համար բախումից ընդամենը երկու ամիս առաջ միջուկային ռումբի պայթյունը թույլ է տվել հազար անգամ (զանգվածի 99,9%-ը շրջանցել է մոլորակը) նվազեցնել այն նյութի քանակը, որը Երկիր կհասնի։

Ինչ վերաբերում է ավելի մեծ տրամագծով օբյեկտներին, ապա նրանց համար մեթոդի արդյունավետությունը նվազում է: Բայց նույնիսկ այս դեպքում մոդելավորումը ցույց է տվել, որ բախումից վեց ամիս առաջ միջուկային պայթյունը կհանգեցնի նրան, որ աստղակերպերի զանգվածի 98%-ը կթռչի Երկրի կողքով: