Հայաստանում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աղետ՝ մեր հազարավոր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակն ուղղակի նվիրվեց թշնամուն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ նվիրելու ձևերը տարբեր են՝ ստորագրություն, պատերազմ, պայմանավորված պատերազմ. այս անգամ ընտրվեց պատերազմի միջոցով։
Ա.Ղազինյանը հայտնեց, որ անցած տարվա նոյեմբերից հետո հանցագործության մասին 6-7 հաղորդում էր ներկայացվել պետական դավաճանության հանցակազմով, որևէ քրեական գործ, ըստ էության, չի հարուցվել, դատախազությունը հրաժարվել է քրեական գործեր հարուցելուց, Քրեական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների ընթացակարգային կոպտագույն խախտումներով նրանք այդ հաղորդումներն ուղարկել և կցել են մի քրեական գործի, որը երևի 1/3-րդով էր առնչվում այն դրվագների հետ, որոնք նկարագրված էին այդ հաղորդումներում։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց՝ այս գործերի քննության առումով իրավական տիրույթում որևէ առաջընթաց չկա։
«Հուլիսի վերջին իշխանությունը հայտարարեց, որ ուզում է ստեղծել 44-օրյա պատերազմը քննող քննիչ հանձնաժողով: Զարմանալի է, որ ունենալով իրավապահ մարմինների նկատմամբ գրեթե 100 տոկոսանոց ազդեցություն և իմանալով, որ կարելի է քրեական գործերի հարուցման միջոցով վարել իրավական նախաքննություն, ըստ էության, նրանք հրաժարվեցին բովանդակային, բազմակողմանի, լրիվ հետաքննությունից և որոշեցին քննությունը տեղափոխել քաղաքական հարթակ՝ ԱԺ քննիչ հանձնաժողով, որը, բնական է, չունի այդպիսի լիազորություն, ազդեցություն, լծակներ խորքային հետաքննություն իրականացնելու համար»:
Նա հիշեցրեց, որ քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմության զինանոցում գտնվող գործիք է, որով կարողանում է հակազդել իշխանության բավական լայն լիազորություններին, լծակներին, բայց այս անգամ իշխանությունն առաջ ընկավ և որոշեց ձևավորել նման հանձնաժողով։
«Այդ հանձնաժողովը պետք է ստեղծվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ձևաչափով, այսինքն հանձնաժողովի կազմի մեջ մտնող անդամների թվով պետք է իրականացվի այդ քննությունը։ Ես եթադրում եմ, որ հանձնաժողովի իշխանական կազմը ձեւավորվել է այն բանից հետո, երբ իրենք տեսան, թե ում է ներկայացնում ընդդիմությունն այդ հանձնաժողովում: Ես չեմ պատկերացնում իշխանության այն կազմը, որը ներկայացված է հանձնաժողովում, ինչպես պետք է քննի որևէ լուրջ բան։
Սակայն 4-րդ ամիսն է մոտենում և այդ ուղղությամբ որևէ գործողություն չի արվում։ Շատերը սա որակեցին որպես Փաշինյանի կողմից պատերազմի ընթացքում իր կողմից կատարած հանցաքները կոծկելու քաղաքական ակցիա, բայց այդ դեպքում ի՞նչն էր իրենց խանգարում, օրինակ, օգոստոսի վերջին, սեպտեմբերին, հոկտեմբերին, ձևավորել այդ հանձնաժողովը։ Կարծես թե ամեն ինչ չի գնում իշխանության համար ցանկալի նախանշած ուղիով, և հիմա նրանք ճանապարհներ են փնտրում չեզոքացնելու հանձնաժողովում ընդդիմության բավական ազդեցիկ դերակատարությունը։ Հիմա իրենք քննարկում են արտախորհրդարանական, այսպես կոչված, «հաճախորդների ակումբից» համալրել հանձնաժողովը և ընդդիմության ձեռքից վերցնել մեկ քառորդը»,- ասաց Ա. Ղազինյանը։
Նա նշեց, որ մեկ քառորդի դեպքում ընդդիմությունը կարող է պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած պաշտոնատար անձի ներկայությունն ապահովել, կաշկանդված չեն հարցերի քանակով, խորությամբ, այսինքն, ըստ նրա, հարցաքննությունը տեղի է ունենալու ընդդիմության 4 ներկայացուցչի կողմից։
«Հաճախորդի ակումբից համալրելը այս հանձնաժողովը ևս խոսում է այն մասին, որ նրանք չունեն վստահություն, համոզմունք, որ այս կազմով, որով ունեն հանձնաժողով, նրանց կհաջողվի կոծկել, քողարկել, փակել պատերազմում իրենց գործած հանցանքների էջը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում նրանք չեն կարող առանց օրենսդրական փոփոխության հանձնաժողովի մեջ ներգրավել արտախորհրդարանական ուժերի, հետևաբար սպասում են, որ կարող է առաջիկա քառօրյաում ներկայացնեն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու առաջարկություն, որով նախատեսեն արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացավածություն այդ հանձնաժողովում։











