Պատերազմի ժամանակ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրեցին հինգ պատգամավորի, ովքեր օդանավակայանում էին եւ որոշում էին այս կամ այն բեռը ռազմական նշանակության է, թե ոչ։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝։ Նա հիշեցրեց, որ այդ մարդիկ ոչ մի ռազմական պատրաստվածություն չունեին։
Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննչական հանձնաժողովին, ապա, ըստ նրա, այն արդեն ոչ պաշտոնապես գոյություն ունի տարբեր մակարդակներում։ «Իրավական մակարդակով կա քննիչ հանձնաժողով, որտեղ անփորձ փաստաբանը հետաքննում է գնդի կամ ավելի մեծ ստորաբաժանման հրամանատարի գործողությունները մարտի դաշտում եւ մեղադրանք է առաջադրում։ Քննչական հանձնաժողով գործում է նաեւ լայն հասարակական դաշտում, այդ թվում՝ ֆեյք կայքերի, ֆեյք լուրերի, առավոտից երեկո տարբեր մարդկանց, բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից բացի, թիրախ դարձնող ֆեյք հերոսների տեսքով»,- ընդգծեց Մանուկյանը։
Նախապատերազմյան շրջանում պետական կառավարման եւ ռազմական գործողությունների անմիջական ղեկավարման հետաքննությունը, ըստ պատգամավորի, չեն կարող համատեղվել, դա պետք է արվի առանձին եւ փորձագիտական մակարդակով։ «Քաղաքական դաշինքի հիմնախնդիրների հանձնաժողովը պետք է ուսումնասիրի հետեւյալ հարցերը՝ նախապատրաստական աշխատանքը նախապատերազմյան շրջանում եւ պատերազմի պատճառները, դիվանագիտական գործողությունները պատերազմից առաջ, հուլիսյան մարտերն ու հետագա իրավիճակը, Զինված ուժերի ռազմավարական ծրագրերի մշակումը, վերազինման պլանի փոփոխությունն ապրիլյան պատերազմից հետո, 44-օրյա պատերազմի ռազմաքաղաքական կառավարման ամբողջական պատկերը, 2018-2020 թվականներին անհասկանալի կադրային քաղաքականությունը զինված ուժերում, հայկական կողմի պատրաստվածությունը եւ գործողությունների մակարդակը պատերազմի սկզբում։ Բացի այդ, անհրաժեշտ է ուսումնասիրել պատերազմի ընթացքում տարբեր պետական կառույցների փոխգործակցության, մոբիլիզացիայի եւ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական փորձերի հարցերը»,- ասաց նա։











