Նոյեմբերի 9-ից հետո տարբեր ֆորմատներով անցկացված միջոցառումներով հնարավոր չեղավ վերադարձնել Հայաստանի արժանապատվությունը, սակայն դա չի նշանակում, որ այժմ պետք է հիասթափվել և նայել, թե ինչպես կործանվում մեր պետությունը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում, «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանարահավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։։
«Ցանկացած ընդդիմադիր, ազգային պայքարի, եթե ոչ որպես համակազմակերպիչ, ապա առնվազն որպես մասնակից անպայման կմասնակցենք։ Ազգային ժողովում մենք «Հայաստան» դաշինքի հետ համատեղ ենք աշխատում, և նույնը վերաբերում է նաև շատ այլ նախագծերի։ Ամենուր, ամեն բան, ինչն անհրաժեշտ է մեր երկիրը կապիտուլյանտներից ազատելու համար՝ հրատապ նիստից մինչև շենքեր գրավել, մենք պատրաստ ենք իրականցնել խաղաղ կերպով, որպեսզի վրաս ևս մեկ քրեական գործ չավելանա։ Իսկ թե ինչպես մենք դա կարող ենք անել, կարծում եմ մեր համաքաղաքացիները և մեզ ուշադիր նայող կապիտուլյանտները հոյակապ գիտեն։ Մեր համաքաղաքացիները, որոնք համարում են, որ մենք կամ մեկ այլ մարդ ինչ-որ բան սխալ է անում ամբողջությամբ ազատ են որևէ բան նախաձեռնելու, և ես խոստանում եմ, որ մենք ամբողջ ռեսուրսով իրենց կաջակցենք»,- նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե հանրահավաքների միջոցով հնարավոր է կանխել սպասվող փաստաթղթի ստորագրումը, Մամիջանյանը պատասխանեց, որ հայրենիքի պաշտպանության համար պետք է անել ամեն ինչ՝ անկախ այն բանից՝ կստացվի, թե՝ ոչ։
«Ես չունեմ բաղադրատոմս, թե այս հանրահավաքը, խորհրդարանում հարց ու պատասխանը, թե ինչ-որ այլ գործողությունն է ճիշտը դա կանխելու համար։ Մենք կանենք ամեն ինչ՝ ինչը մեր հնարավորությունների սահմաններում է՝ դրանից էլ մի քիչ շատ։ Հուսանք՝ դա կբավարարի, բայց դրա մեզ խիստ անհրաժեշտ է, որ մեր կողքին կանգնած լինեն մեր համաքաղաքացիները և գնալով շատանան»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։











