Թշնամին օկուպացրել է մեր հայրենիքի զգալի մասը, իսկ այս իշխանություններն օկուպացրել են դատարանները: Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նրա խոսքով, այս իշխանությունը, որ խոստացել էր դատական բարեփոխոումներ, կատարեց անասելի ճնշումներ, սպառնալիքներ դատարանների նկատմամբ. «Միայն այս տարի դատարանները բավարարել են մոտ 80 տոկոս կալանավորումներ, սա հակառեկորդ է, սա նշանակում է, որ դատական իշխանությունը, ինչպես Ստալինի ժամանակ, պարզապես զբաղված է քաղաքական հետապնդումներ դակելով: Այս իշխանությունները դատարանները վերածում են մարդկանց կալանավորելու հարթակի, վախեցնելու մահակի, դատախազության կցորդի, բայց դա իրենց մոտ երկար չի ստացվելու:
Այսօր դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է, այն կալանավորում է բոլորին: Այսպիսի խեղճացած, վախեցած, կամակատար դատարաններ երբեք չենք ունեցել: Այսօր քաղաքական դաշտում քո կշիռը կարող ես չափել հետեւյալ կերխպ. Կա՞ քո դեմ հարուցված քրեական գործ, թե ոչ»,-ասաց նա:
Վարդեւանյանը ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչների դեմ քրգործեր չեն հարուցվում, իսկ հազարավոր կյանքեր փրկած Արմեն Չարչյանը, որ կյանքի համար կռիվ է տալիս, մնում է կալանավորված. «Գորիսում կրկին ընտրություններում հաղթած Առուշը մնում է կալանավորված: Առուշի հետ մեր սահմանները այս իշխանությունների փոխարեն պահած Մխիթարն ու Մանվելը մնում են կալանավորված: Վերջ տվեք այս խայտառակ կալանավորումներին:
Հարգելի դատարաններ, ես երեք տարի անկախ ձեր անձից, գործից, միշտ մուտք գործելով դատարան ոտքի եմ կանգնել: Այսօր դատարաններից եւ ԲԴԽ-ից է կախված՝ Հայաստանը բռնապետություն է, թե ոչ:
Հարգելի դատարաններ, ձեր յուրաքանչյուր որոշում կարող է վճռորոշ լինել, մենք հասել ենք այն կետին, երբ ՍԴ-ն ոչ թե դիրքորոշում է արտահայտում, դատարանները ոչ թե դատական ակտ են կայացնում, այլ որոշում են մեր պետության լինել-չլինելը: Այսօր է որոշվում այն ապագան, որի համար հետո բոլորը պատասխան են տալու: Վաղը ուշ է լինելու, վաղվա արդարացումները ոչ ոք չի լսելու:
Իրավապահներ, մի վախեցեք այս իշխանություններից, հայ ժողովուրդը չի վախենում այս իշխանությունից, պետք է վախենալ ու պայքարել թուրքացման դեմ, սեւերի ու սպիտակների բաժանելու դեմ, ստի ու կեղծիքի դեմ»,-ասաց Վարդեւանյանը եւ սկսեց վանկարկել «դիմադրեք, դիմադրեք»:











