Արցախից տեղահանված անձանց պետք է տրվի փախստականի կարգավիճակ, Երևանի շուրջը փախստականների ավան պետք է հիմնադրել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց պատմաբան, «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչության» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը։
«Մեկ տարի առաջ ստորագրվել է եռակողմ պայմանագիր, և հասկանալի է, որ դա ընդունելի չէ ժողովրդի համար։ Բայց եթե նույնիսկ փորձենք ղեկավարվել այդ փաստաթղթի կետերով, դրա վեցերորդ կետում հստակ նշված է, որ ադրբեջանական զորքեր Շուշիում այսօր չպետք է լինեն։ Բայց տեսնում ենք, որ փաստորեն Ադրբեջանը միակողմանի արդեն խախտում է պայմանագիրը։ Պայմանագրի մյուս կետերում նշված է փախստականների ու բռնի տեղահանվածների վերադարձ։ Հիմա, եթե մեր հայրենի կառավարությունը մեզ չի ընդունում որպես փախստական, ապա վերադարձն ինչպե՞ս է տեղի ունենալու։
Եվ սա գալիս է դեռևս 1988 թվականի քաղաքականությունից, երբ Ադրբեջանն իր 350 հազար փախստականներին աշխարհին ներկայացրեց որպես 1 մլն փախստական։ Իսկ 1988-ին Ադրբեջանից 800 հազարից ավելի փախստական եկան Հայաստան, իրենք ոչ մի կարգավիճակ չստացան։ Եվ փաստորեն միջազգային հանրությունը չիմացավ, որ գոյություն ունի այդպիսի խավ, իրենց ցավով չտառապեց միջազգային հանրությունը։ Այսօր էլի շարունակվում է նույն քաղաքականությունը»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ թշնամի երկիրը հիմնադրել է փախստականների ավաններ, միջազգային դիտորդներ են բերել ու ցույց տվել աշխարհին։ «Մենք էլ պետք է նույնն անենք, Երևանի շուրջը փախստականների ավանի հիմնադրում պետք է լինի, դա մտածված ու ծրագրային պետք է իրականացվի, որովհետև լուծման ուղին դա է։ Եթե դու միջազգային հանրությանը չկարողանաս ապացուցել, որ ունես փախստականներ, ինչպե՞ս ես քո հարցը լուծելու, ո՞վ է քո հարցը լուծելու։
Եթե մենք ուզում ենք Ադրբեջանի դեմ պատերազմում հաղթել, այս քաղաքականությունը պետք է վարենք, որպեսզի ճնշում լինի Ադրբեջանի վրա։ Մենք արդեն 1992 թվականին տեսել ենք այդ սխալ քաղաքականության հետևանքը։ 1988-ին Շուշիից դուրս են եկել 2700 շուշեցի ընտանիք, 1992-ին Շուշին ազատագրելիս քանի՞ շուշեցի ընտանիք վերադարձավ Շուշի։ Շատ քիչ, մեծ մասը թողեցին հեռացան ռուսաստաններ։ Այդ քաղաքականության հետևանքները, որպես պատմաբան վերլուծելով, ես ասում եմ՝ մենք ուզենք թե չուզենք պետք է գնանք այն քայլերով, որով գնացել է մեր թշնամին։ Եթե մեր թշնամին այդ քայլերով գնացել է ու միջազգային հանրությանը կարողացել է համոզել, որ ինքն ունի փախստականներ, ինչո՞ւ մենք չենք գնում այդ ճանապարհով»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։











