44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Ժորա Սահակյանը Տող գյուղից էր։ Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 1-ին, ծառայում էր Մարտակերտ քաղաքում։

«Պատերազմի ընթացքում գրեթե ամենօրյա կապ կար, բայց շատ կարճ, ասում էր՝ լավ եմ, հանգիստ եղեք։ Հոկտեմբերի 21-ին թուրքերը մտնում են մեր գյուղ ստիպված հեռանում ենք։ Հետնահանջով գալիս են մինչև Կարմիր շուկա, հետո Սարուշեն ու հասնում մինչև Ստեփանակերտ։ Հոկտեմբերի 23-ին տղաս զանգում է, ասում է՝ պապ մեզ տեղափոխում են երկրորդ պաշտպանական, ես էլ արդեն գիտեի, որ ադրբեջանցիները դիմացի բարձունքին են՝ Ամարասից ներքև, չոքերիս խփելով ասում եմ՝ ինչի՞ են տեղափոխել տղես: Ասեց՝ պապ, ուրեմն այստեղ ենք պետք։ Մնացյալ օրերին զանգեց, բացի 29-ից։ Հոկտեմբերի 30-ին զանգեց, ասացի՝ տղա ջան, խնդրել էի, որ ամեն օր զանգես՝ մենակ թե ձայնդ լսեմ։ Ասաց՝ պապ, վերջիվերջո, պատերազմ է (մինչև դա պատերազմի անուն չէր տալիս), կարող է մի քանի օր չզանգեմ, չանհանգստանաս, դու որ լավ ես, ես լավ կլինեմ։ Ասաց՝ շատ կարևոր տեղ ենք պահում, եթե թողեցինք, կմտնեն Մարտունի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ժորայի հայրը՝ Վահե Սահակյանը։

Ժորան իր 18 ընկերների հետ զոհվում է հոկտեմբերի 30-ի գիշերը։

«Թուրքերը, որ տեսնում են չեն կարողանում առաջ գալ, հետ են գնում, հրետանին սկսում է խփելը, վերջում եմ դիրքի վրա երկու ռումբ է գցում։ Երեք օր տղաների դիերը մնացել են այդ դիրքում։ Նոյեմբերի 2-ին Սոս գյուղից մի տղա երկու հոգու հետ գնում է, որ դիերը հանի։ Երեք դի վերցնում են, հեռանում են, ինքնաթիռը նորից նույն տարածքի վրա ռումբ է գցում։ Երեխեքը մնում են մինչև նոյեմբերի 18-ը։ Կարմիր խաչը գալիս է երեխաներին հանում, բերում Ստեփանակերտ, ես էլ մեկ ժամ հետո հասնում եմ երեխուս չեմ կարում գտնեմ դիերի մեջ։ Դեկտեմբերի 15-ին ԴՆԹ-ով հաստատվում է․․․Տղաները չեն պարտվել։ Մի քանի ժամ հետ տղաները պետք է չլինեին, բայց համոզված էին, որ իրենք հաղթելու են։ Պարտվել են մեր անշնորհք իշխանությունը, հրամանատարությունը, բայց մեր ննջող երեխաները հերոսներ են»,- նշեց Ժորայի հայրը։