Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց համար ոչ թե պետք է արգելել գովազդը, այլ բացատրել, որ դա լավ չէ․ դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ-ում մեդիաոլորտի ներկայացուցիչների հետ «Գովազդի մասին» օրենքի քննարկմանն ասաց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը։
«Եթե մենք արգելենք գովազդը, տվյալ մարդը հարևանից, բարեկամից լսելով, թե դա իր սոցիալական ծանր վիճակից ելք է, շարունակելու է խաղալ։ Գովազդն այստեղ ամենակարևոր խթանող հանգամանքը չէ, խթանող հանգամանքը նրա շրջապատի մարդկանց կարծիքներն են, մենք պետք է խոսենք այդ մարդկանց հետ»,-ասաց նա՝ գովազդի նշանակությունը ներկայացնելով ֆիլմարտադրության օրինակով․
«Երբ գեղարվեստական ֆիլմը մտնում է կինոթատրոն, գովազդով է ուղեկցվում, և գովազդի դերն այդտեղ այնքան կարևոր չէ, որքան դահլիճից դուրս եկող և ֆիլմի մասին կարծիք հայտնող մարդկանց։ Այսինքն՝ կինոյի տոմսերի արդյունավետ վաճառքին նպաստում է մարդկանց կարծիքը, ոչ թե ֆիլմից առաջ եղած գովազդը։ Եթե ֆիլմը դուր չի գալիս, ինչքան ուզում ես, գովազդիր, ֆիլմի տոմսերը չեն վաճառվելու»,-ասաց նա՝ հավելելով. «Նույնը վերաբերում է պատվաստմանը. Ես վստահ մարող եմ ասել, որ մարդը լսելով մեծ ծավալի գովազդ պատվաստման կարեւորության մասին, այնուամենայնիվ վերջնական որոշումը կայացնում է իր ընկերոջ, հարեւանի, բարեկամի պատվստվելու փաստից հետո»:











