Սա  բացարձակապես շինծու մեղադրանք է, հերթական խղճուկ մեղադրանքն է եւ ի ցույց է դնում այս կապիտուլյանտ ռեժիմի խղճուկ, հողատու վարքագիծը: Այս մասին այսօր` նոյեմբերի 22-ին, Երեւանի առաջին ատյանի դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին:

«Մենք տեսնում ենք, որ Սյունիքի շուրջ տեղի են ունենում ոչ հայանպաստ, դավադիր գործողություններ եւ հասարակության ուշադրությունը հերթական մանյովրն է իրականացնում այս խղճուկ իշխանությունը: Սա շինծու մեղադրանք է, Սերժ Սարգսյանը չի վախենում ոչ ձերբակալվելուց, ոչ բերման ենթարկվելուց ու կալանավորվելուց: Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն,ինքը բազմիցս նշել է, որ պատրաստ է, բայց սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, այս իշխանությունը շարժվում է թուրք-ադրբեջանական օրակարգով եւ այս շինծու մեղադրանքը եւս դրա վառ ապացույցն է»,- ասաց նա:

Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր, որ ծանուցում է ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։

Քիչ առաջ ծանուցում եմ ստացել. Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ. Մակինյան