Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դհոլով նվագակցում է հանրահայտ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյին։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գլխավոր դատախազի այս քեֆ ուրախությունը եղել է այս տարվա օգոստոսի 16-ին, եւ, որ այդ օրն ադրբեջանական ԶՈՒ-ն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ Սոթքի ուղղությամբ, թշնամական ուժերի կողմից թիրախավորվել էին Կութ եւ Նորաբակ գյուղերը։ Հակառակորդի ԶՈՒ կողմից արձակված գնդակից զոհվել էին մի շարք զինծառայողներ։
Տեսանյութի տարածմանն, ինչպես նաեւ մի շարք քննադատություններին անդրադարձել է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշելով՝ այն տեղեկությունը, թե հավաքույթը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին, իրականության հետ որեւէ աղերս չունի։
Նա, մասնավորապես, գրել է.
«Գլխավոր դատախազի մասնակցությամբ նեղ շրջապատով այդ հավաքույթը, որի մի հատվածի տեսանյութը հայտվել է համացանցում, տեղի է ունեցել ոչ թե օգաստոսի 16-ին՝ ՀՀ սահմաններին ռազմական գործողությունների եւ զոհեր ունենալու օրը, այլ հոկտեմբերի սկզբներին, երբ սահմաններին ռազմական գործողություններ չկային եւ զոհեր եւս չկային: Այն, որ հավաքույթը տարվա շոգ եղանակի չի եղել, վկայում են նաեւ տեսանյութում երեւացող անձանց զգեստները:
Պատահական չէ, որ հավաքույթն օգոստոսին տեղի ունեցած լինելու մասին որեւէ հրապարակման մեջ տեղեկատվության որեւէ աղբյուրի հղում չի անում:
Դա մի պարզ բացատրություն ունի՝ որովհետեւ գործ ունենք գլխավոր դատախազի անվան շուրջ կեղտոտ, անբարո մանիպուլյացիայի հետ:
Խաղադրույքն արվել է նրա վրա, որ ընթերցողներն ուշադրությունը ոչ թե ամսաթվերի վրա են դարձնելու, այլ գլխավոր դատախազի անունը, նրա մասնակցությամբ հավաքույթը հատկապես «սահմաններին պատերազմ» եւ «զոհ» բառերի հետ համադրության մեջ տեսնելու:
Այն հանգամանքը, որ նշված ֆեյք տեղեկությունը տարածվում է կոնկրետ մեկ կենտրոնից կառավարվող լրատվամիջոցներով, հասկանալի է դարձնում, թե ինչու է այս ամենը տեղի ունենում:
Պարզապես երկրի սահմաններին ռազմական գործողություններն ու ցավալի զոհերն իրենց քաղաքական կեղտոտ կրքերի բավարարման միջոց դարձնողները, նրանք, ովքեր հայրենասիրության, հայրենիքի կացության եւ զինվորի վիճակի հարցերով ոչինչ չունեն արած, ի տարբերություն գլխավոր դատախազի, ում արածների մասին (ընդ որում՝ ինչպես 44-օրա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո ու ոչ միայն պաշտոնական պարտականությունների կատարմամբ), հաճախ չի բարձրաձայնվում, շատ են բարդույթավորված այդ արածների մասին տեղյակ լինելու բերումով իրենց անկարողությամբ ու անընդունակությամբ:
Չի ստացվելու. շատ պրիմիտիվ է»։











