Գլխավոր դատախազությունն իրավունք ունի փորձագիտական կարծիք հայտնել Սահմանադրական դատարանի որոշումների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումների վերաբերյալ գլխավոր դատախազության ընդարձակ հայտարարությունը ընդդիմադիր պատգամավորների ձերբակալության դադարեցման մասին։

Բաղդասարյանը կտրականապես համաձայն չէ պատգամավորների հետապնդման մեջ քաղաքական ենթատեքստի առկայությանը։ «Երբ ինչ-որ մեկը տրամադրված է ինչ-որ բան պնդել, ամեն ինչում նման բան փնտրել՝ տեսնում ու գտնում է։ Կան դեպքեր, երբ մարդուն ձերբակալում են թմրանյութեր պահելու համար, նա պնդում է, որ իրեն հետապնդում են քաղաքական նկատառումներով, որովհետեւ ինչ-որ քաղաքական ուժի է հարում։ Այսինքն, երբ դատարանի որոշումը դուր է գալիս, դատարանը լավն է, երբ դուր չի գալիս՝ քաղաքական հետապնդո՞ւմ է»,- ասաց Բաղդասարյանը։

Գլխավոր դատախազի տեղակալը նաեւ չհամաձայնեց, որ ՍԴ-ն բոլորովին չի կիսում գլխավոր դտախազության դիրքորոշումը։ ՍԴ-ն կիսով չափ է համաձայնել, ճշտեց Բաղդասարյանը։ Կրկնելով գերատեսչության հաղորդագրության մեջ շարադրված փաստարկները՝ նա հայտարարեց, որ Սահմանադրությունը նույն իմաստով է մեկնաբանում իրավիճակը քրեական հետապնդման սկսման եւ ձերբակալման հետ կապված, ինչի համար պահանջվում է ԱԺ համաձայնությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն անթույլատրելի էր համարել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկումը, դատախազությունը հակառակն է պնդում։ Բաղդասարյանի կարծիքով՝ ՍԴ որոշումը անկանխատեսելի իրավիճակներ կստեղծի, եւ գլխավոր դատախազությունը նրա հետ համաձայն չէ, քանի որ Սահմանադրության կամքի խեղաթյուրման վտանգ է տեսնում։

ՍԴ-ի վրա ճնշման ուղիղ հարցին, որը կարող է այդքան երկակի որոշում առաջ բերել՝ «եւ մեզ, եւ ձեզ», Բաղդասարյանը առաջարկեց. եթե հիմքեր կան՝ հայտարարություն ներկայացնել։

«Մենք մեր պրոֆեսիոնալ կարծիքն արտահայտելու իրավունք ունենք»,- հավաստիացրեց Բաղդասարյանը։