Հայաստանում այս տարիներին աննախադեպ քրեաիրավական գործընթացներ են տեղի ունենում, որոնց իրավական բառը բնորոշ չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհրդի» նախագահ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
«Այս ընթացքում նաեւ կալանավորվեց հարգարժան գործընկեր, հրամանատար Աշոտ Մինասյանը: Պաշտպանական խորհուրդը պատրաստել է հայտարարություն-կոչ, որպեսզի հայ հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ է իրականացվում Աշոտ Մինասյանին ազատելու ուղղությամբ»,- տեղեկացրեց նա:
Խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ հաղթանակներ կերտած հրամանատարը շուրջ մեկ տարի է՝ գտնվում է դատական ապօրինի հետապնդումների մեջ։
«Ի վերջո իշխանությունները վարկաբեկելով իրական հերոսի վաստակն ու ավանդը՝ հասան իրենց իրական նպատակին՝ հրամանատարին կալանավորելով։ Մինասյանին կալանավորելով՝ Հայաստանի իշխանությունները իրականացնում են մեր դարավոր թշնամիների պատվերը, այն է՝ մեկուսացնել Արցախյան հաղթանակը կերտած հերոսներին: Վերջնական նպատակը Սյունիքը թշնամուն նվիրաբերելու գործընթացի բոլոր խոչընդոտները վերացնելն է»,- նշում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։
Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն էր տարածել այն մասին՝ իբրեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում եւ իշխանությունն են յուրացնում։ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ Փաշինյանի սպանության համար ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար:
Աշոտ Մինասյանին կալանավորելու համար Դատախազությունը բոլոր ատյաններն օգտագործել է եւ վերջում միայն դատավոր Տիգրան Սիմոնյանն է որոշել կալանավորել Աշոտ Մինասյանին։











