Այնպես չէ, որ դեկտեմբերի 1-ին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու նոր հիմքեր էին ի հայտ եկել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ Վերաքննիչ դատարանն իր համար անհասկանալի հիմնավորումներով որոշում է կայացրել.

«Այսինքն՝ ինքը արձանագրել է, որ 2020 թվականին, եթե Աշոտ Մինասյանը մնար ազատության մեջ, այս գործողությունները կաներ, բայց փաստացի մնացել է ազատության մեջ եւ գործողություն չի կատարել։ Ընդ որում` դեկտեմբերի 1-ից Աշոտ Մինասյանը կալանավորված է Վերաքննիչ քրեական դատարանի որոշման հիման վրա, մինչեւ այսօր՝ դեկտեմբերի 14-ը, այդ որոշումը պաշտպանական կողմին որեւէ մարմին չի տրամադրել, չկա այդ որոշումը։ Այսինքն՝ այնքան աբսուրդ են, ընդհանուր առմամբ, պատճառաբանությունները, չկա պատճառաբանություն, որ դատավորը կարողանա ներկայացնի»։

Պաշտպանը հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունը մեկ տարուց ավելի է տեւել, ինչը սակայն ՔՕ նորմերով ծանր եւ առանձնապես ծանր գործերով նախաքննությունը պետք է ամենաշատը մեկ տարում ավարտված լիներ։

Պողոսյանն ասաց, որ Մինասյանը 14 օր է՝ կալանավորված է, սակայն Վերաքննիչ դատարանը մինչեւ հիմա կալանավորման վերաբերյալ որոշումը չի տրամադրել պաշտպանական կողմին։ Այդպիսով պաշտպանական կողմը չի կարողանում վճռաբեկ բողոք ներկայացնել. «Մինչեւ այս պահը Աշոտ Մինասյանի կալանավորման վերաբերյալ որոշում գոյություն չունի»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։

Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն էր տարածել այն մասին՝ իբրեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում եւ իշխանությունն են յուրացնում։ Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ Փաշինյանի սպանության համար ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու համար:

Աշոտ Մինասյանին կալանավորելու համար Դատախազությունը բոլոր ատյաններն օգտագործել է եւ վերջում միայն դատավոր Տիգրան Սիմոնյանն է որոշել կալանավորել Աշոտ Մինասյանին։