«Վնգստացող դատավորներ» արտահայտությամբ, ըստ էության, մեկնարկեց վնգստացող դատավորներ պատրաստելու գործընթացը, եւ նրանք պատրաստվեցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպանության խորհրդի անդամ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը։
«Այսօր այլեւս որեւէ կասկած չկա, որ այս ամենը կապված է «Աշոտ երկաթի» հերոսական նկարագրի եւ հայրենասիրական անուրանալի ձգտումների հետ։ Տարօրինակ կերպով այս 44-օրյա պատերազմին զոհվեցին կամ հաշմվեցին այն կարեւոր հրամանատարները, որոնք նախկինում փառքի էին արժանացել իրենց հաղթական գործունեությամբ։ Քանի հոգի կարելի է ցույց տալ հայ իրականության մեջ, երբ որդին հոր հետ միասին գնում է պատերազմելու։ Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել այն հոր հոգեվիճակը, որն իր երեխայի հետ միասին ռազմաճակատում է եւ ամեն րոպե կարող է իր աչքի առաջ կորցնել իր որդուն. Աշոտ Մինասյանը հենց այդ հրամանատարն էր»,- նկատեց գրականագետը։
Սրապիոնյանը հիշեց այն դրվագը, երբ 44-օրյա պատերազմում Մինասյանին զեկուցել են, որ իր որդին հայտնվել է շրջափակման մեջ, եւ նա պատասխանել է, որ կարեւոր հանձնարարություն ունի կատարելու.
«Ժողովուրդը երբեմն սխալվում է, բայց ժողովրդի իմաստության հետ մրցակցության գնալ որեւէ հանճար չի կարող։ Ժողովուրդը իր միջից ընտրում է այն նշանավորներին եւ երեւելիներին, որոնց մասին առասպելական պատմություններ է պատմում՝ հենվելով այդ մարդկանց իրական կյանքի վրա։ Եվ «Աշոտ երկաթի» «երկաթ» մականունը տրվել է մեկ էլ երկրորդ անգամ՝ երկաթյա կամք դսրեւորելու համար։ Եվ այս երկաթյա կամքը պետք է խանգարեր այն բոլոր նկրտումներին, որոնք դավաճանաբար քայլեր կատարելու համար են։ Ես այս բառը շատ քիչ եմ օգտագործում, քանի որ նրա մեջ որոշակի մեղադրական երանգավորում կա, բայց այս քայլերը որեւէ կերպ չես կարող բնութագրել»։
Ըստ գրականագետի, դավաճանական ծրագերի դեմ հերոսներն են կանգնած, որոնց փորձում են վարկաբեկել։
«Արդեն մամուլում տարածվում են լուրեր, որ նաեւ Տավուշում է կառուցվում այսպես կոչված՝ այլընտրանքային ճանապարհ։ Վախենամ, այլընտրանքային ճանապարհ կառուցվի նաեւ Երեւանի Նորքից մինչեւ Թոխմախ, հաստատվի, որ այստեղ ադրբեջանական տարածքներ են եղել։ Սրանց խանգարողներն ովքեր են, հենց այս հերոսներն են, որոնց մեր աչքին ուզում են վարկաբեկել։ Եղբայր, եթե Աշոտ Մինասյանը ապօրինի զենք-զինամթերք պահով լիներ, դրանք ոչ մի հետախույզ չէր կարող գտնել»,- ասաց նա։











