Կան ուժեր, որոնք իրենց ընդդիմադիր են համարում եւ ձգտում են պառակտել ընդդիմադիր դաշտը։ Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը համախմբման խնդիր ունի։ Նա նշեց առողջ ընդդիմության համախմբման կարեւորությունը՝ հայտնելով, որ այս ուղղությամբ խորհրդակցություններ են ընթանում։
Նկատառմանն ի պատասխան, թե ընդդիմության մի մասը, որը չի ցանկանում վարչապետ Փաշինյանին տեսնել պետության ղեկին եւ Սաղաթելյանին մեղադրում է Ալեն Սիմոնյանի տեղակալ լինելու մեջ՝ կառավարության հրաժարականի համար քայլեր կատարելու փոխարեն, նա բացատրեց. «Ես ոչ մեկի տեղակալը չեմ, ես փոխնախագահ եմ։ Ես այս հարցով պարզաբանումներ արել եմ։ Երբ հասկանամ, որ դրա կարիքը չկա, կանցնեմ իմ մյուս պարտավորություններին»։
Շատ ընդդիմադիրներ, նրա գնահատմամբ, ․սեփական ձախողումները կապում են իր հետ եւ իրենց պարտքն են համարում այս առնչությամբ ստատուսներ գրել, թեեւ խնդիրները պետք է փնտրեն իրենց քաղաքական գործունեության մեջ։
«Թեզերը, թե մենք չենք ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց, PR է մեր դեմ, ասում են՝ մանդատներ վերցրեցին ու համակերպվեցին։ Ժամանակը ցույց կտա՝ ով է համակերպվել, ով՝ փախչել»,-հավելեց Սաղաթելյանը։
Նա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի եւ «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն անօրինական անվանեց եւ նշեց, որ դա նպատակ ունի շեղել բնակչության ուշադրությունն ու վախ սերմանել։
Փոխնախագահը նկատեց, որ դրան զուգահեռ ամոթալի գործընթաց է ընթանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ «Այնտեղ, որտեղ իշխանությունները չկարողացան հաղթել, հետապնդում են ընդդիմադիր գործիչներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Հայաստանը գնում է միաիշխանություն հաստատելու ճանապարհով՝ հանցագործների եւ իրավապահ մարմինների ձեռքով ճնշումների եւ բռնության կիրառման միջոցով։ Այս ֆոնին մենք տեսնում ենք միջազգային կազմակերպությունների լռությունը»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։











