Դպրոցների անցանկալի տնօրեններից ազատվելու խնդիր դրված չէ: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարությունը, նրա խոսքով, նախընտրելի տնօրենների ցուցակ չունի։ «Մրցույթներն անցկացվում են սահմանված կարգով, որը մենք այդքան էլ արդյունավետ չենք համարում, բայց անձնականացված մոտեցում չկա։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի որակական փոփոխություններ լինեն»,- ասաց նա։
Նախարարը կրկնեց այն թեզը, որ բարեփոխումները պետք է տնօրեններին ազատեն կրթության հետ չկապված խնդիրներից։ «Հետպատերազմյան ցնցումներից հետո կրթական համակարգում իրավիճակն արդեն կայունացել է։ Ամեն ինչ արվել է, որպեսզի մեր հայրենակիցների կրթությունը հնարավորինս հասանելի լինի»,- եզրափակեց Դումանյանը։











