Իմ դեմ գործողությունները կազմակերպել է կեղծ ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական սիրուհին՝ Էդմոն Մարուքյանը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա հավելեց, որ նպատակն իրեն պատժելն է։

Սամսոնյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չկա մի մարդ, ով իմանա այս իրավիճակի մասին եւ չհասկանա, որ սա քաղաքական հետապնդում է. «Վստահ էի, որ դատարանի որոշումն այլ է լինելու, եւ պատրաստվում էի վերադառնալ (քննչական մեկուսարան, խմբ.)։ Որեւէ վիրավորանք չի եղել, բայց եղել է այն, որ կեղծ ընդդիմության առաջնորդին ցուցումներ են տրվել դավաճան իշխանությունների կողմից, եւ քանի որ Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական սիրուհին է, նա ամեն ինչ կատարեց՝ դիմելով Ոստիկանություն, որն ինձ ապօրինի բերման ենթարկեց», - պարզաբանեց նա:

ՀԿ-ի ղեկավարն ասաց, որ քննիչն արդեն որոշում ուներ, եւ իրեն ոչ մի հարց չտվեցին։ «Ես դեռ մեղադրյալի կարգավիճակ ունեմ, կասկածյալի կարգավիճակ չունեմ: Դա արվեց, որպեսզի ինձ 2-3 օր անազատության մեջ պահեն։ Ես երախտապարտ եմ նրանց, քանի որ անհանգստանում էի, որ թուրքական հատուկ ծառայություններն արդեն յոթ ամիս ինձնով չեն հետաքրքրվում։ Երբ նրանք կրկին եկան, ես հասկացա, որ ամեն ինչ ճիշտ եմ անում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 14-ին, իսկ դեկտեմբերի 16-ին ազատ է արձակվել։