Մենք իր հետ չենք խոսել, դա իր որոշումն է եղել, ես չեմ կարող ուրիշի փոխարեն պատասխանել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Թալինի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորող Մնացական Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՝ չնայած պայմանավորվածությանը, «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը քվեարկեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին եւ նա մեկ ձայնի տարբերությամբ ընտրվեց Թալինի համայնքապետ:

Հարցին, թե նախքան քվեարկությունը ի՞նչ ասաց Կարեն Գրիգորյանը Տավրոս Սափեյանին, նա պատասխանեց. «Ես լսեցի, որ ինքը դիմելով ՔՊ-ի թեկնածուին, ասաց՝ դու իմացի, թե ում խաթր եմ քեզ ձայն տալիս: Եթե որեւէ մեկը որեւէ մեկի խաթր կարող է 6 հազար մարդու ձայն ոտնատակ տա, սա 29 համայնքի ընտրողների խնդիրն է: Եթե մարդը կարողանում է մեկ ակնթարթում այդ խնդիրը կապել նեղ անձնական խնդիրների հետ... ես չգիտեմ՝ ճնշումներ են եղել, թե ոչ, մամուլը շատ բան գրել է, կարող եք դիմել իրեն, թող պատասխանի:

Ամեն ինչ այս օրով չի վերջանում, ուղղակի մարդիկ պետք է գիտակցեն, թե որ ուժի հետ են իրենց ճակատագիրը կապում:

Եթե մարդը քվե է խնդրում, հետո իր ցուցակի երկրորդ համարին ներկայացնում է որպես համայնքապետի թեկնածու ու ինքը քվեարկում է մյուս ուժի օգտին, ես մեկնաբանություն չունեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:

Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի  թեկնածությունը: «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը նշեց, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:

Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն էր:

Տավրոս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:

Հայտնի է, որ Սափեյանին կողմ է քվեարկել «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը:

Ավելի վաղ NEWS.am-իը հայտնել էր, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն (21 մանդատից 10-ը), սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում էր կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցել են ավագանու նիստին: