Կարեն Գրիգորյանը պատասխանատվություն է կրում 6 հազար ընտրողի առջեւ. այստեղ թաքցնելու բան չկա. 3 կուսակցությունները միացել են, ինքը ստորագրել է այդ հուշագրի տակ, ու հիմա դեմ է քվեարկել իր իսկ որոշմանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Թալինի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայք» կուսակցությունը ներկայացնող համայնքապետի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչպես պատահեց, որ երեք ուժերի թեկնածուն, որոնք 21 հոգանոց ավագանիում ունեին 11 ձայն, չընտրվեց հակայնքապետ եւ համայնքապետ դարձավ ՔՊ թեկնածուն:
Հարցին, թե Կարեն Գրիգորյանի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ, Դավիթ Մանուկյանն ասաց. «Եթե մարդը գնացել ինքն իր դեմ է քվեարկել, դրանից հետքո ինքն ինչ է ասել, ինչ չի ասել, դա էական չէ: Եթե կա հանցագործխության տարր, ինքը պետքէ հաղորդում ներկայացնի: Կոնկրետ իմ նկատմամբ ճնշումներ չեն եղել, չնայած եղել են դեպքեր, երբ փորձել են մի քանի մեքենայով հետապնդել: Բայց ինձ հետ կոնտակտի մեջ չեն մտել եւ հնարավոր էլ չէր, որ ճնշեն»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է վայր դնեն մանդատները, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Հիմա ոչինչ չեմ կարող բացառել, բայց մենք պատասխանատվություն ենք կրում 6 հազար ընտրողի առջեւ եւ դա տանելու ենք մինչեւ վերջ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանը:
Նշենք, որ ընդդիմադիր «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրեցին «Հայք» կուսակցությունից Դավիթ Մանուկյանի թեկնածությունը: «Զարթոնք» կուսակցության առաջին համար Մնացական Մնացականյանը նշեց, որ ուժի մեջ է մնում ընդդիմության ստորագրած համաձայնության հուշագիրը՝ կոալիցիա կազմել եւ հանդես գալ մեկ միասնական թեկնածուով:
Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն կուսակցության ցուցակի առաջին համար Տավրոս Սափեյանն էր:
Տավրոս Սափեյանն ստացավ 11 կողմ ձայն, Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն:
Հայտնի է, որ Սափեյանին կողմ է քվեարկել «Հայք» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Կարեն Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-իը հայտնել էր, որ թեեւ ՔՊ-ն Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն (21 մանդատից 10-ը), սակայն ընտրություններին մասնակցած մյուս երեք ուժերը («Զարթոնք», «Հայք» եւ «Մեր համայնքը»), որոնք առանձին-առանձին անհամեմատ քիչ ձայն են ստացել, կոալիցիա են կազմել եւ մտադիր են իրենց կազմից ընտրել համայնքի ղեկավար:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ «Հայք» լիբերալ կուսակցությունը լարվածությունը թոթափելու համար որոշում էր կայացրել հրաժարվել մանդատներից, սակայն նրանք մանդատները վայր չեն դրել եւ այսօր մասնակցել են ավագանու նիստին:











