Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Արաբկիրի բաժնի գործընկերների հետ, դեկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճից Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 30 և 43 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի, մյուսը Էջմիածնի բնակիչ էր։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 3 փաթեթ թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ, իսկ 43-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ նմանատիպ զանգվածով 5 փաթեթ ու կաթուցիչ:

Պարզվել է, որ Էջմիածնի 43-ամյա բնակիչը մայրաքաղաքում բնակվող 30-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել Հրազդանի կիրճում։

Նշանակվել է փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ։ Թմրանյութն իրացնողը ձերբակալվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։