Վերջին տարիներին բնական աճ կա ընտանիքներում 3-րդ երեխայի ծնվելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ուսումնասիրություններով գնահատվում է այդ աճը հինգ տոկոս ու այս նախագծով մենք կկարողանանք արդեն 2025 թվականին գնահատել երեք տարվա արդյունքներն ու կանխատեսում ենք` ևս երեք տոկոս աճ տեղի կունենա», - նշեց նա:

Նախարարի խոսքով՝ այս նախագիծը ժողովրդագրական ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է ու ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրում առանձին կետ կա նշված՝ որտեղ պետք է մշակվի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը:

«Նախարարությունն արդեն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ համատեղ սկսել է մշակել ՀՀ ժողովրդագրության ռազմավարության փաստաթուղթը, որի հիմնական մասը նախատեսում ենք ավարտել մինչև 2022 թվականի մայիս ամիսը, իսկ մինչև սեպտեմբեր ի լրումն ներկայացնենք ժողովրդագրական ընթացիկ ծրագրերի մոնիթորինգի ու արդյունավետության գնահատման արդյունքները», - ասաց սոցապնախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2022-ի հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ 50 000 դրամի չափով՝ մինչեւ երեխայի 6 տարեկան դատնալը: