ՊԵԿ նախագահի հրամանը սահմանափակում է մաքսային ներկայացուցիչների գործունեությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ Արարատյան մաքսատան դիմաց բողոքի ակցիա անող մաքսային ձեւակերպումների մասնագետ Ասպուրակ Ասատրյանը։
«ՊԵԿ նախագահի նոր հրամանով, մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստանալու համար պետք է դասընթացներ կազմակերպվեն, խիստ սահմանափակ ժամկետներում՝ մինչեւ փետրվարի 10-ը եւ քննություն հանձնես։ Մենք չենք կարող տեղավորվել այդ ժամանակի մեջ։ Թե ինչ մեթոդներով են կազմակերպվելու դասընթացները՝ տեղյակ չենք, ընդամենն ասվում է, որ տեւելու է 48 ակադեմիական ժամ»,- ասաց մաքսային ձեւակերպման մասնագետը։
Ըստ մեկ այլ մասնագետի, մաքսային ձեւակերպումների մասնագետներին նախկինում վկայական տրվում էր անժամկետ, բայց պայմանով, որ 3 տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է վերապատրաստման մասնակցեն։ Եթե արդյունքը դրական էր լինում, ապա վկայականն ուժի մեջ էր մնում, իսկ եթե բացասական, վկայականը ուժը կորցրած է ճանաչվում։
«Բոլորս էլ էդ վերապատրաստումն անցել ենք, դրա լրանալու ժամկետները ամեն մեկիս մոտ տարբեր է։ Մարդ կա, որ դեկտեմբերի 26-ին քննություն է տվել, հունվարին ստացել իր վկայականը։ Հիմա նոր հրամանով, դա առոչինչ է համարվում եւ ստիպում են, որ մինչեւ փետրվարի 10-ը պետք է դիմում ներկայացնես ու մասնակցես 48-ժամյա դասընթացների, դա նշանակում է, որ ամբողջ մաքսային բրոկերական համակարգը մեկ շաբաթ չի աշխատելու, եթե վկայական է ուզում ունենալ։ Մենք որ չաշխատենք, իրենք են մեր տունը պահելու՞, իհարկե, չէ»,- նշեց Հովհաննես Անվանզյանը։
Նոր հրամանի համաձայն, մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորման քննություններն այսուհետ կազմակերպվելու են տարեկան առնվազն երկու անգամ, նախկինում դրանք ամեն ամիս էին անցկացվում եւ քաղաքացին քննությանը մասնակցելու համար 3000 դրամ էր վճարում։
«Հիմա եթե ինչ-որ մեկը գնա քննության ու կտրվի, ինքը 6 ամիս զրկված է լինելու աշխատանքից, մինչեւ նորից 6 ամիս չանցնի, ինքը գնա 100 000 դրամ վճարի ու նորից քննություն հանձնի։ Մեր կարծիքով, այս հրամանը օրենքին հակասում է»,- ասաց Հովհաննես Անվանզյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսն այս պահին հանդիպում են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ։











