Մաքսային ձեւակերպումների մասնագետները, որոնք այսօր՝ փետրվարի 4-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ՊԵԿ Արարատյան մաքսատան դիմաց, ընդհանուր հայտարարի չեն եկել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հետ։

Մաքսային բրոկերներն անհամաձայնություն ունեն ՊԵԿ նախագահի՝ փետրվարի 27-ից ուժի մեջ մտած հրամանի հետ, որի համաձայն, մաքսային ձեւակերպումների մասնագետներին որակավորման վկայականներ տալու կարգը փոխվել է։

 «Շուշանիկ Ներսիսյանի հետ հանդիպմանն ասացինք, որ հրամանի մի կետը հակասում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, որովհետեւ այդ օրենքով սահմանվում է, որ մաքսային ձեւակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետը առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվում է մաքսային մարմինների կողմից` կոմիտեի սահմանած ծրագրով եւ կարգով։ Դրական արդյունք արձանագրելու դեպքում նա շարունակում է աշխատել, իսկ հակառակ դեպքում, վկայականն անվավեր է ճանաչվում։ Շուշանիկ Ներսիսյանն ասաց, որ Արդարադատության նախարարությունը գրանցել է հրամանը, հետեւաբար այն  համապատասխանում է օրենքին, հետեւաբար հարցը քննարկման ենթակա չէ։ Մեզ համար համոզիչ չէր նրա խոսքը»,- ասաց Արմեն Ավագյանը։