Դատարանների արգելափակումը, պիտակավորումը, մշտական հրապարակային քննադատությունը, քրեական գործերը եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները նպատակ ունեն վերահսկել դատական համակարգը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Հիշեցնենք, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են, իսկ համակարգը ամիսներ շարունակ չի գործում։
ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի ընտրվելու եւ նրա հետագա նախագահության օրինականության մասին հարցին Վարդազարյանը պատասխանեց, որ իր կարծիքը հայտնել է այն ժամանակ, երբ քննարկվում էր Ջհանգիրյանի թեկնածությունը։ Նրա տարիքը 65 տարեկանից բարձր է եւ իրավունք չուներ ընտրվելու ԲԴԽ անդամ, հիշեցրեց Վարդազարյանը։
«Ջհանգիրյանն անձամբ ինձ ասել է, որ ցանկալի է, որ ես հրաժարական տամ, եւ ինքը ղեկավարի ԲԴԽ-ն։ Ազդանշանները շատ էին։ Բայց այս ամենը նույն շղթայի օղակներն են՝ դատարանների արգելափակում, պիտակավորում, մշտական հրապարակային քննադատություն, քրեական գործեր եւ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ։ Այս ամենը նպատակ ունի վերահսկել դատական համակարգը»,- ասաց Վարդազարյանը։











