«Ակունք» նախաձեռնության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այսօր՝ փետրվարի 14-ին, հրավիրել են Քննչական կոմիտե: Այնտեղից դուրս գալուց հետո, նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Նոյեմբերի 25-ին խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունեցել, գնահատականներ եմ  հնչեցրել, հիմքում այդ գնահատականներն էին: Սկզբից ոստիկանություն էին հրավիրել մի 2 ամիս առաջ: Պարզվում է քրգործ են հարուցել եւ որպես վկա-կասկածյալ ես օգտվեցի իմ իրավունքից եւ ցուցմունք չեմ տվել»:

Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին՝ ասաց. «Կարծես ճակատագրի հեգնանք լինի, նա, ով այսօր կենտրոնացրել է դատական իշխանությունը իր ձեռքում՝ Գագիկ Ջհանգիրյանը, այս մարդը 1995-ին կարողացավ դատական համակարգը ոչնչացնել, սղոցել պետության  համակարգը յս ոլորտի եւ ընտրությունը որպես երեւույթ, վերացնել: Այդ ժամանակ պայքարեցի, արդյունքում հայտնվեցի ԱԱԾ մեկուսարանում: Այն ժամանակ, իհարկե, ավելի ծանր հոդվածներ էին, 4 հոդվածներից երկուսը մահապատժի հոդվածներ էին: Այդ մարդը պետությունը ոչնչացրեց ու չպատժվեց: Չպատժվեց նաեւ, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մարմինը դեռ տաք էր, պահանջում էր, որ իրեն գլխավոր դատախազ նշանակեն: Չնշանակվեց, հետո փորձեց այդ նենգ խմբի հետ հեղաշրջում իրականացնել ու էլի չպատժվեց: Այսինքն չի պատժվել ու հիմա ռեւանշ է անում:

Հիմա էլ ասում է՝ ես եկել եմ իշխանության, թքած ունեմ, թե ինչ է կատարվում: Ես արհամարհում եմ գագիկջհանգիրյանական արդարադատությունը: 1995-ին իմ վախը բռնել են: Եթե փորձում են ահաբեկել, իզուր: Բայց այս անգամ անպատիժ չեն մնա»:

Նշենք, որ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է  Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով (Անձին հայհոյելը կամ արժանապատվությունը այլ ծանր կերպով վիրավորելը):