Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ներողությունը նման հնչեղություն է ստացել, որովհետեւ այս իշխանությունը Հայաստանում վերացրել է ներողություն խնդրելու մշակույթը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանությունը որեւէ մեկից ներողություն չի խնդրել։ Ներողություն չի խնդրել Արցախի 75 %-ը հանձնելու, «Եռաբլուրը» եռապատկելու համար։ Ներողություն չի խնդրել Մխիթար Զաքարյանից եւ իր գործընկերներից իրենց ապօրինի կալանավորելու համար։ Ինձնից ներողություն ոչ մեկը չի խնդրել, որ երկու տարի բանտում եմ անցկացրել չեղած հոդվածի համար։ Ներողություն չի խնդրել ժողովրդից աղքատությունը մեծացնելու եւ գնաճի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ինքը հանդիպում է ունեցել Մխիթար Զաքարյանի հետ։ Հանդիպման ընթացքում երկրորդ նախագահը հասկացել է պատգամավոր Զաքարյանի մտահոգությունը, որովհետեւ քաղաքական գնահատականներ տալիս ինքն էլ երբեւէ ընտանեկան դաշտ չի մտել։
«Մեր խոսակցության ընթացքում նաեւ այսպիսի հարց է եղել՝ պատրաստ եմ հրաժարվել մանդատից, եթե սա հնչողություն ունենա խմբակցության եւ ձեզ համար։ Մխիթար Զաքարյանը մանդատից կառչած չէ։ Մխիթար Զաքարյանն ինչ-որ բան էր ասել, որը վերաբերվում էր ընտանիքին, առաջին դեմքի կնոջը։ Ասում է, որ այդ մասով իր համար անհարմարություն է, ներողություն է խնդրում՝ չփոխելով իր հայացքները մյուս բոլոր հարցերի նկատմամբ։ Սա չի կատարվել ստվերային պայմանավորվածության արդյունքում, որովհետեւ այդ մարդը 6 ամիս բանտում է եղել եւ եթե նման պայմանավորվածություն լիներ, ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումով չէ, որ դուրս կգար»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ միաժամանակ հասկանում է այն մարդկանց, որոնք քննադատել են Մխիթար Զաքարյանին ներողություն խնդրելու պատճառով։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորՄխիթար Զաքարյանը ներողություն էր խնդրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ իր նկատմամբ ճնշումներ չեն եղել։











