Անցյալ տարի Հայաստանում լոլիկի մեծ դեֆիցիտ կար, իսկ այս տարի պահանջարկն էլ ավելի է աճել։ Այս մասին փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա հայտնեց, որ հումքի պակասի պատճառով դրա որոշակի մասը ներկրվել է այլ երկրներից, հիմնականում՝ Իրանից։ Նրա խոսքով՝ այսօր խնդիրը վերամշակող ձեռնարկություններին հումքով ապահովելն է։
«Գնորդների հետ աշխատելով՝ մենք փորձում ենք ապահովել անհրաժեշտ ծավալը։ Համագործակցում ենք նաեւ գիտական ինստիտուտների հետ, որպեսզի ստանանք տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բարձրացնել արտադրողականությունը»,- ընդգծեց Քերոբյանը։
Նախարարը հավելեց, որ 2021թ․ Հայաստանից արտահանումն աճել է 19 տոկոսով, եւ առաջին անգամ արտահանման ծավալները գերազանցել են 3 միլիարդը (դոլար-խմբ.)։











