Հայաստանն միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի իրավասություններ, որոնք թույլ են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը եւս մեկ կարեւոր քայլ կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջեւ համագործակցության զարգացման գործում։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը դիտարկում է անցումը թվային տնտեսության՝ որպես տնտեսական աճի առանցքային շարժիչ ուժ։

«Այս համատեքստում կցանկանայի ընդգծել արդյունաբերական կոոպերացիայի եվրասիական ցանցի նախագծի իրագործման կարեւորությունը։ Միության երկրների արդյունաբերական համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ ոլորտներում արդյունաբերական համագործակցության խորացմանը եւ փոխադարձ առեւտրում խոչընդոտների վերացմանը, ներմուծման փոխարինման զարգացմանը, նորարարությունների ներդրմանը եւ բարձր տեխնոլոգիական նոր արտադրանքների ստեղծմանը»,- ասել է նա։