«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները փաստել են, որ չեն մասնակցելու նոր նախագահի ընտրության պրոցեսին, որովհետեւ պրոցեսը սկզբից եւեթ ընթանում էր կոպիտ խախտումներով եւ Սահմանադրության տառին ու ոգուն հակասություններով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Որեւէ ձեւով մասնակցությունը տրամաբանական չէր լինի, էլ չեմ ասում այն մասին, որ իրավաբանական մասնակցությունը տեղի ունեցողին անիմաստ կլիներ»,- ավելացրել է պատգամավորը։
Մեկնաբանելով հարցն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին մամուլի ասուլիսում առաջարկել էր նախագահ ընտրել հոգեւորականության ներկայացուցչի, եւ գաղափարը ընկալվել էր ՀԱԵ-ի կողմից, Վարդեւանյանը նշել է, որ նախաձեռնությունը լայն արձագանք է գտել, բայց, ինչն է զարմանալի, որոշ գործընկերներ սկել են հայտարարել, որ գաղափարը վիճելի է օրենքի տեսակետից, ինչն այդպես չէ. ՀՀ ցանկացած քաղաքացի, այդ թվում հեղինակություն վայելող սրբազանը, կարող է ինչպես ընտրել, այնպես էլ ընտրվել։ «Այս տեսակետից խնդիրներ չկան։ Այլ բան է, եւ այդ մասին ասել է ինքը՝ նախագահը, որ թեկնածուն պետք է միասնական լինի։ Որպեսզի թեկնածուն միասնական լինի, ո՞վ պետք է կատարեր առաջին քայլը։ Իհարկե, իշխանությունը։ Իսկ դուք տեսնում եք նրա գործողությունները»։ Այս համատեքստում նա հիշեցրել է նախագահի գործառույթների առանձնահատկությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։ «Հեղինակություն վայելելն ինքնին շատ կարեւոր է, բայց բավարար պայման չէ։ Կարեւոր է, որպեսզի մարդն ունենա անկախության այն աստիճանը, որը, ինչպես ասում է Սահմանադրությունը, թույլ կտա ղեկավարվել համապետական, համազգային, համաժողովրդական շահերով։ Պատկերացրեք, թե ինչպես է իշխանության թեկնածուն, թիմի անդամը, կառավարության անդամը, որն այս ամբողջ ժամանակ մասնակցել է կառավարության նիստերին, որտեղ քննարկվել են հարցեր, որոնք հետո ճանաչվել են Սահմանադրությանը հակասող, որոնց մի մասը ներկայացվել է ԱԺ-ում եւ հետ կանչվել եւ, օրինակ, Վահագն Խաչատրյանը այս բոլոր հարցերին «կողմ» է քվեարկել։ Չի եղել որեւէ դեպք, որպեսզի նա գոնե ձեւականորեն հակառակ կողմը բռներ»,- հիշեցրել է Վարդեւանյանը։
Գերմանիայի օրինակը բերելով, որտեղ նախագահ կարող է ընտրվել կառավարող թիմի անդամը, այն պայմաններում, որ նա ինքնուրույն անձ է եւ պաշտոնում գտնվելու ժամանակ դադարեցնում է մասնակցությունն իր կուսակցության աշխատանքին, Վարդեւանյանը փաստել է, որ մեր դեպքում գործ ունենք մարդու հետ, որը կապ չունի նախագահի կարգավիճակի հետ։
Նա հիշեցրել է, որ ձայների երկու երրորդի պահանջը թելադրված է նրանով, որպեսզի նախագահը ներկայացնի ուժերի եւ հասարակության ողջ սպեկտրը, բայց երբ նախագահն ընտրվում է մի քաղաքական ուժի կողմից, դառնում է մի քաղաքական ուժի նախագահը։
«Այսօր ԱԺ-ում հանրապետության նախագահ չի ընտրվում։ Ընտրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահը»,- ընդգծել է Վարդեւանյանը։
Հարցին, թե ինչու է ընդդիմությունը որոշել չմասնակցել պրոցեսին՝ թեկնածուին բազմաթիվ անհարմար հարցեր տալու փոխարեն, Վարդեւանյանը պատասխանել է, որ իշխանությունների խախտումները կոծկելու հարցում հսկայական դեր է խաղում միջազգային հանրությունը, որը ընդդիմության գործողությունները կգնահատեր որպես պրոցեսի լեգիտիմացում։ «Դրան մենք որեւէ կերպ մասնակցել չենք ցանկացել»,- պարզաբանել է պատգամավորը։
Կանխելով հարցերն այն մասին, թե ինչու է ընդդիմությունը մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին, Վարդեւանյանը հիշեցրել է, որ նախագահը կապ չունի խորհրդարանի գործունեության հետ։ «Մենք չենք մասնակցում պրոցեսին, որովհետեւ սկզբից եւեթ այն ընթանում է սահմանադրականության, պառլամենտարիզմի կոպտագույն խախտումներով, երբ առաջադրում են իրենց թեկնածուին եւ հայտարարում, թե բավականաչափ թվով ձայներ ունեն երկրորդ փուլում ընտրվելու համար։ Եվ այսօր հայտարարում են, որ միաձայն են քվեարկելու, չնայած այլ իրավիճակներում վկայակոչում են պատգամավորական խիղճը։ Եվ երկրորդ՝ հստակ մեսիջ ուղարկել միջազգային հանրությանը, որ պրոցեսները Հայաստանում ոչ մի ընդհանուր բան չունեն «դեմոկրատիայի բաստիոնի» հետ»,- ամփոփել է Վարդեւանյանը։
Ապագա նախագահի հետ աշխատելու մասին հարցին Վարդեւանյանը պատասխանել է, որ խոսքը «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի մասին է, դրա համար էլ դժվարացել է ըստ էության պատկերացնել այդ աշխատանքը։
Ինչ վերաբերում է փողոցային պայքար սկսելու հնարավորությանը, պագտամավորը նշել է. «Կտեսնեք գործողություններ, համբերեք»։











