Այսօր ԱԺ ամբիոնն օգտագործվեց հերթական սուտը հանրությանը մատուցելու համար. ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ իբր Ռոբերտ Քոչարյանը ինչ–որ ժամանակ ցանկանում էր Մեղրին հանձնել Ադրբեջանին՝ փոխարենը վերցնել Արցախը։ Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին։
«Խոսքն այն մասին է, որ ինչ-որ ժամանակ իբր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր Մեղրին, ենթադրում եմ Մեղրու շրջանը, հանձնել Ադրբեջանին, փոխարենը վերցնել Արցախը։ Բազմիցս թե հրապարակային, թե գրավոր ձևով բացատրվեց, պարզաբանվեց, որ այդպիսի բան չի եղել։ Բայց հանրությանը թյուրիմացության մեջ գցելու ավանդույթի կողմնակիցները շարունակում են նույն գործելաոճը՝ հույս ունենալով, որ մեկ անգամ էլ սուտ, կեղծ ասելուց հետո Հայաստանի մի քանի միամիտ քաղաքացիներ էլ իրենց կհավատան»,-ասաց Նազարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սուտ հայտարարություն անող օրենսդիրը գնաց ավելի հեռուն, մտածեց իր վարկանիշը համքաղաքացու մոտ բարձրացնելու համար լավ կլինի վիրավորել ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներին՝ նրանց անվանելով թուրքական բայրաքթարների դեսպաններ։
«Նա լավ գիտեր, թե ովքեր են նստած այնտեղ։ Լավ գիտեր բոլորի կենսագրությունը, և չգիտես ինչի, նայելով մեր խմբակցության կողմը կարող էր ասել՝ Աբգարի հայրը բայրաքթարի դեսպան է։ Այդ հայտարարությունից հետո նա կրկին մտնելու է ԱԺ՝ հայ ժողովրդին, ընդդիմությանը բարոյականության դասեր տալու»,-ասաց նա։
Նա հուսահատ կոչ արեց «Քաղաքացիական պայմանագրին» որոշակի դաստիարակաչական աշխատանքներ տանել պատգամավորների հետ՝ բացատրելով ի՞նչ կարելի է ասել, ինչ՝ ոչ. «Կարող եք քննադատել, մանրանալ, անցյալը փորփրել, դա ձեր իրավունքն է, բայց վիրավորել այն էլ այդ ձևով, այդ կերպ ընդունելի չէ, հանդուրժելի չէ։ Նման հայտարարություններով մենք միայն ուրախացնում ենք մեր թշնամիներին՝ ոչինչ չտալով մեր հայրենիքին»,-ասաց նա։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ընդդիմադիրներին թուրքական բայրաքթարների «ամբասադոր» որակեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ Նա էլ ծնվել է Իջևան քաղաքում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր ելույթում հայտարարել էր, որ այսօրվա ԱԺ-ի ընդդիմության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը 2002-ին Քիվեսթում հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Նաեւ նշել էր, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաթարից նկարահանված կադրեր է ցույց տվել:











