Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ գյուղի ընտրատեղամասի մոտ այսօր միջադեպ է գրանցվել:  

NEWS.am-ի տեսախցիկը  ֆիքսել է, որ  անմիջապես ընտրատեղամասի մոտ մեծաքանակ կուտակումներ կան: Բացի այդ, ընտրատեղամասից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ՔՊ նախընտրական շտաբը: 

NEWS.am-ի թղթակցի հարցազրույցի ժամանակ քաղաքացիներից մեկը փորձել է խոչընդոտել, որից հետո թղթակցի, հարցին ինչու են այսքան մոտ կանգնած ընտրատեղամասին, նրանք արձագանքեցին, որ եթե իրենք օրենք են  խախտել  եւ ընտրատեղամասին մոտ են կանգնել, ապա ավելի հեռու կկանգնեն:   

Հարցին, թե ինչու մինչեւ այդ ավելի հեռու չէին կանգնում ,  հավաքվածներից ՔՊ-ի կողմից ուղղորդված մի երիտասարդ,  NEWS.am-ի տեսախցիկի առաջ անպարկեշտ արտահայտություններ  է հնչեցրել ՀՀ երկրորդ նախագահի հասցեին:

Դրանից հետո մեր թղթակիցը փորձեց ոստիկանության աշխատակցից պարզաբանում  ստանալ, թե ինչու են թույլատրում կուտակումները ընտրատեղամասի մոտ, ոստիկանության աշխատողը  պատասխանեց, որ ինքը զեկուցել է իր վերադասին եւ քիչ անց տեղում կլինեն ոստիկանական ուժեր, որոնք կկարգավորեն խնդիրը: Մոտ 5 րոպե անց ժամանեցին ոստիկաններ, որոնք  ապահովեցին ընտրատեղամսից 50 մետր հեռավորության վրա գտնվելու պահանջը եւ հայհոյող  երիտասարդին բերման ենթարկեցին Արարատի ոստիկանության բաժին:

Նշենք, որ դեպքի առթիվ NEWS.am-ի լրագրողը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում: 

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են: Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ 

Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 28 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: