Գեղարքունքի մարզի Լանջաղբյուր միջնակարգ դպրոցի ուսուցչական անձնակազմը եւ դպրոցում ուսանող երեխաների ծնողներն այսօր՝ մարտի 29-ին, բողոքի ակիցա էին կազմակերպել դպրոցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց խմբագրություն ահազանգած դպրոցի աշխատակից, որը չցանկացավ, որ հրապարակենք իր անունը։

Աշխատակցի խոսքով՝ մի քանի ամիս առաջ լրացել է դպրոցի տնօրենի պաշտոնավարման ժամկետը։ Թափուր տեղի համար հայտարարված երկու մրցույթներն արդյունք չեն տվել քվորում չապահովելու պատճառով։

«Երեկ արդեն պետք է նշանակվեր ժամանակավոր պաշտոնակատար, եւ մենք երեկ մեկ ամբողջ օր չունեինք ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ օրենքի՝ ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել դպրոցի տնօրենի տեղակալը, որը խորհրդի անդամ չէ, նվազագույն յոթ տարվա աշխատանքային փորձ ունեցող մանկավարժներից մեկը կամ էլ վերջին հինգ տարվա ընթացքում կառավարման փորձ ունեցող մարդ»,- նշեց աշխատակիցը։

Աշխատակիցը պատմեց, որ այսօր՝ մարտի 29-ին, մարզպետարանի մի քանի աշխատակիցների հետ դպրոց է եկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Մենք ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուին չենք ճանաչում, գիտենք միայն անունը եւ որտեղից է։ Բոլորը թե մանկավարժական կազմից, թե երեխաների ծնողներից անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը։ Ինչո՞ւ չի կարող մեր դպրոցի տեղակալը կամ որեւէ մանկավարժ նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։ Հերթական կամայականության արդյունքում նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց աշխատակիցը։

Աշխատակցի խոսքով՝ քիչ անց իրենք հանդիպում են ունենալու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ՝ պահանջելով վերանայել որոշումը։

«Եթե մեր պահանջը չկատարվեց, մենք պատրաստ ենք անժամկետ գործադուլ անել»,- ընդգծեց քաղաքացին։