Ապրիլի 24-ին Հայաստան-Իսրայել եւ Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբերի ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը` հայտարարելով առաջիկա միջոցառումների մասին։
Նրա խոսքով՝ հուշահամալիր կայցելի նաեւ նախարար՝ Նիդեռլանդներից եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը։
Բացի այդ, ապրիլի 20-ից 22-ը Հայաստանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության ուսուցման հիմնախնդիրները 21-րդ դարում» եզակի միջազգային գիտաժողով, որի շրջանակում կներկայացվի 29 զեկույց։ Զեկուցումներով հանդես կգան ԱՄՆ-ի, Իսպանիայի, Կամբոջայի, Իսրայելի, Ռուանդայի եւ Լիբանանի ներկայացուցիչները։
«Ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի «Հայկական վարժարանների հետքերով.ուսյալ ազգի վկայագրերը» թեմայով ցուցահանդեսը։ Հայ ժողովուրդը հսկայական ժառանգություն է թողել Օսմանյան կայսրությունում, Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում»,-ասաց Մարությանը։
Ցուցահանդեսի հեղինակը Սեդա Պարսամյանն է։
Այսպես, ապրիլի 23-ին ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ֆրանսիացի հայազգի նկարիչ Ժան-Պիեռ Սեֆերյանի գրաֆիկական նկարների ցուցահանդեսը։ Ապրիլի 29-ին ժամը 11:00-ին կբացվի «Հայկական սարսափները` հոլանդացիների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։











