Ռուսաստանն իր գործնկերներից եւ դաշնակիցներից երբեք չի պահանջել, որ նրանք մասնակցեն իր բոլոր արտաքին քաղաքական գործողություններին: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչեւը:
«Ի տարբերություն մեր ամերիկացի գործընկերների, որոնք իրենց դաշնակիցներից միշտ պահանջում են ինչ-որ մեկին ուղարկել Իրաք, Աֆղանստան պատերազմելու իրենց փոխարեն, Ռուսաստանը նման բան երբեք չի արել: Այն ընթացքում, երբ իրավիճակն Ուկրաինայում քաղաքական դաշտից տեղափոխվել է ռազմաքաղաքական հարթություն, որքանով ինձ հայտնի է, ռուսական կողմից նմանօրինակ միտք չի արտահայտվել, որ դաշնակից երկրները պետք է պարտադիր մասնակցություն ունենան: Իսկ դա, ի դեպ, համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոգուն եւ բնույթին, որի շրջանակում անդամ երկրներ միմյանց աջակցություն են ցուցաբերում նրանցից մեկի դեմ արտաքին հարձակման պարագայում»,- ընդգծել է փորձագետը:
Որպես օրինակ ռուս քաղաքագետը բերել է այս տարվա հունվարին ՀԱՊԿ-ի օգնությունը Ղազախստանին ներքին խնդիրները հաղթահարելու հարցում:
«Սակայն ՀԱՊԿ-ի ո՛չ ոգին, ո՛չ գործունեությունը չեն ենթադրում, որ անդամ երկրները զբաղվեն մեկը մյուսի արտաքին քաղաքական հարցերով, որոնք անմիջականորեն չեն վերաբերում տվյալ պայմանագրի դրույթներին Ռուսաստանը դրանով էլ առաջնորդվում է»,- ընդգծել է Բորդաչեւը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների վերջին համատեղ հայտարարությանը՝ ռուս փորձագետն ընդգծել է հայտարարության բնույթի կարեւորությունը:
«Ինձ թվում է, որ ամենից կարեւոր նշանակություն ունի հենց հայտարարության բնույթը, որը մատնանշում է, որ Ռուսաստանի ու Հայաստանի փոխգործակցությունը չի ենթարկվում առավել լայն միջազգային գործոնների ազդեցությանը, այլ պայմանավորված է առաջին հերթին, երկու երկրի շահերով, երկրորդ՝ արդեն իսկ ձեւավորված չափանիշներով: Հաստատվել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եւ Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ են մնում այն ձեւաչափերի շրջանակում, որոնց վերջիններս մասնակցում են, այսինքն՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի: Կողմերն ակտիվ աշխատանք են տանում առանձին հարցերի շուրջ, այդ թվում՝ միջազգային անվտանգության, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության: Այդ աշխատանքը որոշակի ժամանակ կպահանջի»,- մեկնաբանել է նա:











