Այս պահին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող մուտքը փակ է քաղաքացիների համար:
Պատճառն այն է, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը հուշահամալիր:
Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ժամը 9․00-ից 10․30-ը, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Նշենք, որ նախօրեին երեկոյան տեղի է ունեցել Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Երթին մասնակցել են Հայաստանի ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահները, որոնք միացել էին ջահերթին Հանրապետության հրապարակից։
Երթի մասնակիցները տարել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, նաեւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսն էր՝ «Զարթնիր, Լաո», որը, ըստ կազմակերպիչների, հայկական երկու պետությունների առջեւ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ համահայկական սթափեցման կոչ է։
Նշենք, որ այսօր ջահերով երթ է տեղի ունեցել նաեւ Արցախում, երթին մասնակցել են Արցախի ներկա եւ նախկին նախագահները:















