Հստակ արձանագրված է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Թուրքական հասարակության հետ պետք է աշխատել, որովհետեւ ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ են ճանաչել եւ դատապարտել, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, ինչի համար համար պետք է աշխատանք։ Մեր հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։ Ակնկալում ենք, որ Թուրքիան եւս հարաբերությունների կարգավորմանը կգնա առանց նախապայմանների»,- ասաց Մարուքյանը։
Մարուքյան հրաժարվեց մեկնաբանել տեսանյութը, որտեղ երեւում էր, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում իր նկատմամբ ակցիա իրականացնող հայերին ցույց տալիս ազգայնամոլներ Գորշ գայլերի նշանը․ «Ես լուսանկարներ չեմ մեկնաբանում, ԱԳՆ հայտարարություններ եմ մեկնաբանում»։











