Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հագուստով տղամարդը խանգարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի քարոզարշավը ուրբաթ օրը բազմաթիվ լրատվամիջոցների աչքի առջեւ, հայտնում է UPI-ն:
Մելբուռնում լիբերալ պատգամավոր Գլեդիս Լյուի կողմից կազմակերպված միջոցառման տեսագրությունում հայտնվում է տղամարդ՝ նման Հյուսիսային Կորեայի առաջնորդին,սեւ գծավոր կոստյումով, հետ սանրած մազերով եւ արեւային ակնոցով:
Տղամարդն ակնհայտորեն կարողացել է անցնել միջոցառման մի քանի անվտանգության անցակետերով, որից հետո նա բարձրաձայն հայտարարել է, որ Լյուն աջակցել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը, «իսկ հիմա նա պատրաստվում է աջակցել Հյուսիսային Կորեայի ռեժիմին»։
Նա բախվել է Ավստրալիայի վարչապետի աշխատակիցներին եւ ի վերջո հարցաքննվել ոստիկանների կողմից, որից հետո նրան դուրս են հանել շենքից:
Տղամարդն իրեն անվանել է «գերագույն առաջնորդ»։
«Կներես, ընկեր, դու պետք է հեռանաս, սա ամենավիրավորական բանն է, որ ես երբեւէ տեսել եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ... սա մասնավոր բիզնես է», - ասել է Մորիսոնի մեդիա խորհրդատու Նիք Քրիվին, նշում է Brisbane Times-ը։
Ավելի ուշ սենատորի թեկնածու Դրյու Պավլոուն իր վրա է վերցրել այդ հնարքի պատասխանատվությունը՝ շնորհակալություն հայտնելով նմանակողին նրա աշխատանքի համար:
«Դա իրականում լավագույն բաներից մեկն է, որ մենք երբեւէ արել ենք»,- գրել է նա։











