Մայիսի 18-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տավուշի մարզի Կողբ համայնքի մի տնից գողություն են արել։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզեցին տուժողի ինքնությունը. մայիսի լույս 6-ի գիշերը նրա առանձնատնից հափշտակել էին հեռուստացույց և երաժշտական գործիք։

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ բնակարանային գողությունն արել են Կողբի՝ երեք, և Երևանի մեկ բնակիչ։ Չորս տղամարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանություն։

Պարզվեց, որ գողությունից հետո երևանցի տղամարդը գողոնը ուղարկել էր մայրաքաղաք ու վաճառել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է, մյուսները ստորագրությամբ բաց են թողնվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։