Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման եւ ոստիկանների բախումների ժամանակ բերման ենթարկվածների թվում կան նաեւ անչափահասներ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից դուրս գալուց հետո 16 եւ 17 տարեկան անչափահասներ նշեցին, որ իրենց առաջին անգամ չեն բերման ենթարկում, իրենց արդեն ճանաչում են. «16 անգամ ես եմ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվել, 9 անգամ էլ ինքը: Ես հրմշտոցի մեջ չմտա, պարզապես դիմացովս տղամարդ անցավ, ամբողջ դեմքն այլայլված էր, որովհետեւ լրիվ արյան մեջ կորած էր: Ես գոռացի՝ հանգտացեք, էդ պահին ինձ մոտեցավ մի կարմիրբերետավոր եւ մի քանի այլ ոստիկան, բիրտ ուժով շպրտում են գետնին, գրկած մտցնում մեքենան: Դեռ դուռը չփակած անձնական հայհոյանքներ են հնչեցնում.,-ասաց անչափահասնեից մեկըէ՝ Նորայր անունով:

Մյուս անչափահասն էլ նշեց, որ իրեն կարող են 100 անգամ էլ բերման ենթարկել, բայց ինքը շարունակելու է պայքարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։  Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։