Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադարձավ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու դեպքերին։
«Սրանք Նիկոլ են, սրանցից ոչ մեկ ոստիկան չի, էս խուլիգանները Նիկոլի բանդան է։ Սրանցից ոչ մեկ թող չակնկալի, որ վաղվա Հայաստանում մարդավարի վերաբերմունքի է արժանանալու, վաղվա Հայաստանը կերտելուն պես՝ էդ անհայրենիք Նիկոլին ռադ անելուց հետո, մենք հասարակական անհանդուրժողականություն ենք ձեւավորելու էս կենդանիների նկատմամբ»,– ասաց Աննա Մկրտչյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ 2018թվականի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների ժամանակ, ոստիկանները քաղաքացու վրա ձեռք չէին բարձրացնում, որովհետեւ իշխանությունը նրանց դաստիարակել էր որպես «մեր ոստիկան»։
«Շատ հաճախ են օրինակ բերում, որ 2018–ին Նիկոլը իշխանությունը զավթեց, ասելով, որ ոստիկանը մերն է, հիմա ես կասեմ, թե ինչու դա մեր դեպքում չի աշխատելու, որովհետեւ այն ժամանակ ոստիկանը մերն էր, քաղաքացու վրա ձեռք չէր բարձրացնի անգամ այն դեպքում, երբ ջարդեցին հատուկ պահպանվող պետական կառույցի՝ Ռադիոտան դուռը, որովհետեւ այն ժամանակվա իշխանությունը նրանց դաստիարակել էր որպես մեր ոստիկան։ Բայց Նիկոլը իշխանությունը զավթելուն պես՝ մեր ոստիկանին սպանել է, սրանք սորոսականների կողմից դաստիարակված ոստիկաններ են, որոնք պատրաստվել են այսօրվա համար»,– ասաց Մկրտչյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 30–ին Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3–րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։ Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ «Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չեն տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց է սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման են ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել է հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ են գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։











