Խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառող ոստիկանները ոչնչով չեն տարբերվում խաղաղ հայ բնակչության նկատմամբ բռնություն կիրառած ադրբեջանցիներից։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Այն վերաբերմունքը, որին երեկ իմ պայքարի ընկերները արժանացել են Կառավարության շենքում, նման էր 1991 թվականի մայիսին պատմական հայկական Գանձակ տեղափոխված գետաշենցիների նկատմամբ ադրբեջանցիների ցուցաբերած վերաբերմունքին։ Իրենք չոստիկաններ են եւ ոչնչով չեն տարբերվում այն ադրբեջանցիներից, որոնք անարգում էին հայ խաղաղ բնակչությանը»,- ասաց Կրպեյանը։

Ամփոփելով անցնող օրը՝ Կրպեյանը նշեց, որ իրենք դեռ սպասում են ԵՊՀ եւ ՀՊՏՀ ռեկտորների հստակ դիրքորոշմանը Արցախի հետ կապված՝ թեպետ երկու ռեկտորներն էլ այսօր խույս տվեցին պատգամավորների հետ հանդիպումից։

«ԵՊՀ-ում տեւական ժամանակ փնտրում էին ռեկտորին։ Սկզբում ասացին՝ տեղում է, բայց հանդիպման է, հետո ասացին՝ տարածքում է, հետո էլ պարզվեց, որ իր սենյակի դուռը փակել եւ թաքնվել էր։ Թաքնվել էր արժանապատիվ մարդկանցից, եւ այդպես թաքնված էլ մնաց։ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը օկուպացրածը վախկոտ է եւ դեմ է հայ մարդու կարմիր գծերն ամրագրող փաստաթղթին»,- նշեց Ասպրամ Կրպեյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենց հաջորդ կանգառում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ռեկտորի քարտուղարն անգամ բացեց սենյակի դուռը, որպեսզի իրենք համոզվեն, որ ռեկտորն այնտեղ չէ։

«Նա, գուցե տեղեկանալով, որ մենք այնտեղ ենք գալիս, մի քանի վայրկյան առաջ լքել էր համալսարանը։ Ես իհարկե, հույս ունեմ, որ ռեկտորն իրոք կարեւոր հանդիպում ուներ։ Ամեն դեպքում նա դա կարող է ապացուցել՝ հայտնելով իր հստակ դիրքորոշումը»,- ընդգծեց Կրպեյանը։