Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում արձագանքելով լրագրողի հարցին, թե ե՞րբ է 45 քառակուսի կմ տարածքը ազատագրվելու ադրբեջանական օկուպացիայից, այսպես արձագանքեց.

«45 քառակուսի կմ ո՞րն է, Դուք թվերը կճշտեք, հետո նոր հարցեր կտաք։ Եղբայր, Դուք չեք ասում, որ Արցախի համար ինչ-որ լավ բան ասեք, ասում եք, որ ՊՆ-ի համար վատ բան ասեք: Դրա համար էլ արժանանում եք իմ այս պատասխանին։ Դուք կզինվորագրվեք ու կազատագրեք, հենց դո՛ւք, դո՛ւք, հենց դո՛ւք»։

Լրագրողների դիտարկմանը, թե հարցը պահանջում է պատասխան, Պաշտպանության փոխնախարարը նշեց, թե այդ հարցը տալով լրագրողն ակնկալում է աղմուկ։

Ապա Սարգսյանը հավաստիացրեց, թե գիշեր–ցերեկ ամեն ինչ արվում է, որ վերականգնվեն մեր կարողությունները։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ 2021–ի մայիսի 12-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով ՀՀ 40-45 քառ. կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Այո, 2020թ. նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները, որոնք ճշգրիտ ավելի քան 40-45 քառակուսի կմ  հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը բավական միանշանակ դատապարտել է»,– ասել էր Փաշինյանը։