«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին, պատկանող «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը ավելի քան 100 տոկոսով բարձրացրել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտի ուղեվարձի գինը։ Այդ որոշումը կայացրել է ընկերության տնօրեն, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը։ Բացի դրանից Կոտայքի մարզում կան համայնքներ, որտեղից դեպի Աբովյան գնացող տրանսպորտային երթուղիները ընդհանրապես հանվել են։
Ընկերության այս որոշումները մարզի բնակիչների դժգոհությունն են առաջացրել։ «Մուլտի տրանսպորտի» տնօրենը պարզաբանել է, որ ուղեվարձի բարձրացումը պայմանավորված է դիզվառելիքի թանկացմամբ։ Մարզպետարանում այսօր՝ հունիսի 1-ին, բնակիչները հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել իրենց պահանջը։
Նշենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին, որից հետո ընկերությունը հայտ է ներկայացրել Կոտայքի մարզի հանրային տրանսպորտն ամբողջությամբ սպասարկելու համար։ Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունքը ընկերությանը տրվել է 10 տարի ժամկետով։
NEWS.am-ի հետ զրույցում Զովք գյուղի բնակիչ Լիա Գեւորգյանը նշեց, որ նախկինում տրանսպորտի սպասարկումն իրենց մարզում ավելի լավ էր. «Ինչքան էլ որ տարօրինակ է, մենք բողոքեցինք, արդյունքում ավելի վատը եղավ։ Եթե այն ժամանակ Զովքից մինչեւ Մասիվ երթեւեկում էինք 100 դրամով, հիմա երթեւեկում ենք 200 դրամով, Աբովյան երթեւեկում էինք 200 դրամով, իսկ հիմա՝ 400 դրամով»։
Բնակչին ՏԿԵ նախարարությունից պարզաբանել են, թե այդ երթուղայինը մարզային է, այդ պատճառով էլ թանկացել է գինը. «Մեր տրանսպորտը մարզային չի համարվում, քանի որ սպասարկում է եւ Ավան համայնքը, եւ Մասիվը, եւ Ջրվեժը»։
Աբովյան քաղաքի բնակիչ Տաթեւիկ Մանուկյանի խոսքով՝ այն ուղեւորները, որոնք գյուղերից պետք է գնան Երեւան, ծախսում են միջինը 1200 դրամ. «Եթե մեկ ընտանիքից երեք անձ օգտվում է, նշանակում է, որ տվյալ անձը պետք է 60 հազար դրամից ավելի շատ աշխատավարձ ստանա, որպեսզի կարողանա հոգալ տրանսպորտի գումարի հարցը։ Այսպիսով խախտվում են մարզի բնակիչների իրավունքները։ Աբովյանում կա նաեւ Սարալանջ թաղամաս, որը եւս տրանսպորտից զրկվել է, հանվել է թիվ 267 երթուղին։ Այն Ակունք գյուղից միանգամից գնում էր Երեւան»։
Նոր Հաճն համայնքի բնակիչ Մարտին Գեւորգյանը նշեց՝ երբ պետությունը ընկերության ընտրման չափորոշիչներ է սահմանել, հաշվի չի առել բնակչության սոցիալական վիճակը. «Աշխատանքի գնացող մարդիկ, ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտից։ Հիմա մարդը կանգնել է այն փաստի առաջ՝ կամ պետք է աշխատանքից դուրս գա, սովի մատնվի կամ պիտի աշխատի եւ աշխատավարձի հիմնական մասը տա փոխադրամիջոցին։ Շատերի դեպքերով լսել ենք, որ մարդիկ աշխատանքից դուրս են եկել ուղեվարձի բարձրացման պատճառով»։
Ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի խոսքով՝ ընկերության կողմից կատարված հաշվարկը ցույց է տվել, որ իրենք տրանսպորտից օգտվելու համար բավարար սակագին են թելադրել. «Եկել ենք այն հաշվարկին, որ նման սակագներով կարող ենք սպասարկել Կոտայքի մարզին։ Այս պահին կան մոտեցումներ, որոնք փորձում ենք հասարակությանը տրամադրել։ Բանակցությունների միջոցով տեսնենք՝ որտեղ հնարավորինս խնդիր կա, մոտեցումներ ցույց կտանք։ Բայց դեռ չեմ տեսնում՝ սակագնի՝ համատարած փոփոխության հարց»։
Անդրադառնալով այն ահազանգերին, որ կան համայնքներ, որտեղից հանվել են երթուղայինները, ընկերության տնօրենը պատասխանեց. «տվյալ տարածքում գործել են երկու երթուղիներ։ Այդ հոսքի հաշվին ստեղծվել է 267 համարի երթուղին։ ՏԿԵ նախարարության որոշումն է, որ գյուղերից գնան շուրջկենտրոն, այնտեղից էլ՝ մայրաքաղաք։ Ես էլ եմ դիտարկում, որ սխալ է գյուղերից միանգամից մայրաքաղաք սպասարկելը։ Հոսքերի տեղաբաշխումը պետք է ճիշտ արվի»։











