Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոման Սմբատյանի, այսօր՝ հունիսի 2-ին, մեկնարկել է ՀՅԴ անդամներ Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտիրոսյանի, Տարոն Մանուկյանի, Հոսիեկ Սարկիսյանի, Գոռ Մաթեւոսյանի, Գեւորգ Մուրադյանի եւ Վելիխան Խլղաթյանի գործով դատական նիստը։

Նախնական դատական նիստին քննարկվել է գործով ամբաստանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխելու հարցը։

Գործով մեղադրող դատախազը պնդել է, թե ամբաստանյալների խափանման միջոցը պետք է անփոփոխ թողնել։

«Եթե խոսում ենք արդարադատության տեսանկյունից, ապա տղաներն այսօր պետք է ազատ արձակվեն։ Մնացած այլ որոշումները կրկին կհիմնավորեն, որ արդարադատությունը կաղում է Հայաստանում։ Մենք գործ ունենք բացառիկ բնութագրվող մեղադրյալների հետ։ Տղաները բացառիկ դեր են խաղացել Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի տարածքների պաշտպանության համար։ Տղաներից կան վիրավորված, 2 պատերազմի մասնակիցներ։ Եթե խափանման միջոցն իրականում ծառայում է իր նպատակներին, այսօր տղաներն ազատ պիտի արձակվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Աբգար Պողոսյանը։

Փաստաբանները միջնորդել են նաեւ նրանց նկատմամբ կիրառել անձնական երաշխավորությունը։

Նշենք, որ նրանցից Գոռ Սարգսյանի, Արսեն Մարտիրոսյանի, Տարոն Մանուկյանի, Գոռ Մաթեւոսյանի եւ Գեւորգ Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հոսիեկ Սարկիսյանի նկատմամբ կիրառվել է անձնական երաշխավորություն, իսկ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Սարգսյանը 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, Գյումրիի Երեւանյան խճուղի 131 հասցեում՝ բնակելի շենքի դիմաց` հասարակական վայրում, եւ հասարակության անդամների ներկայությամբ, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ կերպով խախտել է հասարակական կարգը, որը դրսեւորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ զուգորդվել անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ:

Նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրվել նաեւ Արսեն Մարտոյանին, Տարոն Մանուկյանին, Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։

Գործով ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում եւ որակում են անյ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում։