Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի միջեւ հակասություններն առողջ գործընթաց են։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Նախկինների բոստանը չեմ ուզում քար գցել, բայց ժամանակին, երբ որ մի անձի պետք էր նստեցնել, բոլոր մարմինները շարքով կանգնած իրար ձեռք ձեռքի տված անում էին նմանատիպ գործողություններ»,- ասաց նա։
Դիտարկմանը, երբ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հակասում էր իշխանության տեսակետին, նրան կառավարության նիստերին չէին հրավիրում, եւ այսպես ասած՝ արշավ էին սկսել նրա դեմ, այդ գործընթացն ինչպե՞ս կբացատրի՝ նախարարն արձագանքեց.
«Այ իմ դեմ իսկապես արշավ սկսվել էր, այն որ ասում են՝ արշավը այսպիսին է լինում: Այն, ինչ արվել է պարոն Թաթոյանի հետ, նույնիսկ արշավիկ չէր, ջերմ հարաբերություններ ու աջակցություն է եղել: Կառավարության նիստերին ես ինքս չեմ գնացել երկար ժամանակ, որովհետեւ համարել եմ, որ ՄԻՊ-ի ներկայությունը այդ նիստերին ոչ նպատակահարմար է: Հիմա, իմ իմանալով, պարոն Թաթոյանը ինքն է բաց թողել որոշ ժամանակ նիստեր, որից հետո իր այդ տեղը կարծեմ հանել էր: Սա արշավ չէ, եթե կառավարության նիստին մասնակցությունը լիներ արշավ, իմ պաշտոնավարման ժամկետը մինչեւ վերջ կավարտվեր»:
Անդրադառնալով այն դիտարկումներին, որ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ընթացքում քաղաքացիներին բիրտ ուժով բերման ենթարկելու դեպքերով քրեական գործեր չեն հարուցվում, սակայն ընդդիմադիրներին մեղադրանքներ են առաջադրվում՝ նախարարն արձագանքեց. «Նման գործերից ես Դատախազությունից եմ տեղեկանում։ Եթե չեմ սխալվում, մի քանի օր առաջ Դատախազությունը հրապարակել էր վիճակագրություն, որտեղ հստակ երեւում էր, որ այսքան միջադեպերից հետո 36 գանգատ՝ ընդդեմ ոստիկանների։ Մի ստիպեք, որ գործադիրը քրեական գործերով արտահայտվի, որովհետեւ դա կարող է համարվել ճնշում այն իրավապահ մարմինների վրա, որոնք աշխատում են այս ուղղությամբ։ Եթե լինում է բռնություն որեւէ մեկի նկատմամբ, սա կլինի տարեց մարդ, պատգամավոր, ոստիկան, շատ ուրախ եմ, որ հարուցվեն քրեական գործեր՝ անկախ քաղաքական հայացքներից Ոստիկանությունը չի ներկայացնում թե ինչ ծառայողական քննությունների արդյունքներով այն ոստիկանները որոնք խախտել են կարգը»։
Անդրադառնալով այն դժգոհություններին, որ ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում անարգել նախարարությունների շենք մտնել, Անդրեասյանն ասաց. «Զանգվածային անկարգություն կազմակերպել որեւէ տեղ ու ասել՝ մեզ թույլ չե՞ն տալիս: Շատ ուրախ կլինեմ, եթե ընդդիմադիր պատգամավորները գան հանդիպման: Բայց եթե խոսում ենք ընդդիմադիր ակցիայի մասին, որի արդյունքը լինում է վախեցնելով, դուռը ջարդելով ներս մտնելուն, դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք, հուսով եմ, կպաշտպանեն մեր պետական կառույցները»:
Լրագրողի այն հիշեցմանը, որ 2018 թվականին երբ ներկայիս իշխանության ներկայացուցիչները պետական կառույցներ էին մտնում, դուռ կոտրում, Անդրեասյանն արձագանքեց.
«Միգուցե, որովհետեւ ցանկացած պետական կառույցում, եթե հրավիրված չեն կամ չունեն ժամադրություն, մտնում են ու չեն ստանում հակազդեցություն, իմ կարծիքով դա սխալ է: Եթե ես լինեի արդարադատության նախարար, կասեի, որ ակցիայի մասնակիցները չպիտի որեւէ ձեւով ճնշելով ոստիկանությանը մտնեն որեւէ շենք»:
Հարցին՝ ընդդիմադիրները ուզում են նախարարներից ստանալ իրենց հարցի պատասխանը, արդյոք նախարարները խուսափո՞ւմ են հանդիպել՝ նա պատասխանեց. «Ես տեսա, որ նախարարներից ուզում են հարցնել՝ դուք մեր ու ժողովրդի հետ եք, թե՞ մեր դեմ եք: Ուզում եմ ասել՝ հարգելիներս, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք ժողովրդի հետ եք, որովհետեւ ժողովուրդը իր կոնկրետ կամքը արտահատել է 2021-ին: Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար աջակից, դա դեռ չի նշանակում, որ դուք ժողովուրդն եք ու մենք էլ ժողովրդի դեմ ենք: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, այսպես պարզունակացնել Արցախի հարցը ու փողոցում հայրենասիրական պահանջներ դնել, որ մենք բոլորս ասենք՝ Արցախի կարգավիճակը հենց հիմա ինչպիսին պիտի լինի, ինձ թվում է արցախցիները այնքան իմաստուն են, որ կհասկանան՝ արցախասիրությունը այսպիսին չի: Արցախը ու Հայաստանը սիրողը չի ստիպի կառավարության անդամին անել այնպիսի հայտարարություն, որ իբր դեմ է ժողովրդական ցանկություններին, բայց կվտանգի երկրի ու նաեւ Արցախի անվտանգությունը»:











