Երեկվա Հայաստանը հաստատ իրավական պետության մասին էր։ Յուրաքանչյուրի մտքում եկած թերությունները ու սխալները վստահեցնում եմ, որ նաև ապացույցն են նրա, որ երեկ իրականում եղել է իրավական պետություն։ Այսօր է, որ չկա, իրավունք, չկա Սահմանադրություն, չկա որևէ դատական համակարգ. դրանք Հայաստանում իշխանությունը զավթածների ցանկությունների շրջանակում են, այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր և վաղը թեմայով» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այսինքն՝ այս մարդիկ որևէ իրավական, օրինական հիմք ու հիմնավորում չեն դնում իրենց ցանկությունների տակ, բացի նրանից, որ իրենց դա պետք է իշխանության աթոռները պահելու համար»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ վաղվա Հայաստանը բնականաբար իրավական երկիր է լինելու։ Ըստ նրա՝ եթե զուգահեռ անցկացնենք երեկվա Հայաստանի հետ, ապա դրա յուրաքանչյուր քաղաքացի երազում էր այն մասին, որ արժեհամակարգային այն ընկալումը, որ իրենց մատուցում էին ժողովրդավար երկրներից, իր սեփական կյանքում իրագործեր դրանք ։ Եվ դրա համար ամեն ինչ արվել է, արդար ու ազնիվ աշխատանք է տարվել ժողովրդավար հռչակված կառույցների հետ։
«Ցավոք պարզվեց, որ այդ մարդիկ ոչ թե ժողովրդավարություն էին մեզ ուզում բերել, այդ մարդիկ ոչ թե հետապնդում էին մեր հասարակարգի իրավունքի զարգացումը դեպի ազատություններ ու մարդու իրավունքներ, այլ ուղղակի մեր երկրում առևտուր էին փնտրում»,– ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները ամեն ինչ շատ լավ հասկանալով այդ կեղծ ժողովրդավարների հետ մտել են առևտրի մեջ։
Պատգամավորը նշեց, որ երեկվա Հայաստանի դեպքում անթույլատրելի կլիներ դատական համակարգի նկատմամբ որևէ տեսանելի ճնշում․ անմիջապես տարբեր հայտարարություններ կարվեին, երկիրը պատժամիջոցների տակ կհայտնվեր, զեկույցներ կհրապարակվեին Հայաստանի դեմ, իսկ այսօրվա Հայաստանում մի շարք բաների վրա Արևմուտքը աչք է փակում։
Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվել են, որպեսզի դրա դիմաց Արևմուտքը աչք փակի Սահմանադրական դատարանի կազմն ու ղեկավարությունը փոխելու փաստի վրա։ Արևմուտքի հետ ՀՀ իշխանությունների առևտրի մեկ այլ դրսևորում է այն, որ Հայաստանը համաձայնել է միջանցք տրամադրել Ադրբեջանին, փոխարենը Արևմուտքը աչք կփակի ընդդիմության նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունների վրա։
Աննա Մկրտչյանը նշեց, որ երեկվա Հայաստանում բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններ զեկույցներ կհրապարակեին երկրում կոռուպցիայի մասին, սակայն այսօր լռում են, իսկ կառուպցիայի մակարդակը որևէ կերպ չի նվազել։
«Նույն առողջապահության ոլորտում, COVID–ից մինչև պետպատվերներ, Արսեն Թորոսյանից մինչև Անահիտ Ավանեսյան ուղղակի թաղված են կոռուպցիոն սխեմաների մեջ։ Լրատվամիջոցներով հրապարակումներ բազմաթիվ են այս մասին։ Որևէ կազմակերպություն չի վերցնի և դա չի դարձնի զեկույցի հիմք, էլ չեմ խոսում իրավապահները դարձնեն քրեական գործի մաս։ Որովհետև հիմա ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրենց ուզածով է, իրենց ձեռնտու է»,– ասաց նա











