Մեր երկրում արտադրվող գյուղատնտեսական մթերքներն ի՞նչ կապ ունեն միջազգային գնաճի հետ. այստեղ առաջարկի գնաճ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Հիմա գյուղացուն պատշաճ չեն կարողանում աջակցել, թողել են իր հոգսի հետ մենակ, աշխարհում գյուղատնտեսությունն առաջանցիկ աճում, մեր երկրում նվազում է։ Եթե քիչ ես արտադրում, պահանջարկը եթե նույնիսկ նույնը մնա, գները աճում են»,- ասաց նա։

Ըստ Ավետիսյանի՝ տնտեսական ներուժը նույնպես նվազում է. «Այսինքն՝ մենք ավելի քիչ արտադրանք ենք թողարկում, հետեւաբար դա ներմուծում ենք։ Վաղը կարտոֆիլը չի բավականացնելու, սկսելու են ներմուծել։ Հիմա որ մեկ կիլոգրամը դառնա 2000 դրամ, պիտի ասեն՝ մենք ինչ անենք, միջազգային շուկային կարտոֆիլի գինը բարձր է։  Գլուխներդ պատին տվեք, հնարավորություն ստեղծեք, որ գյուղացին իր մշակաբույսը ողջ ծավալով մշակի, կարողանա ոչ միայն ներքին պահանջարկը բավարարել, այլ նաեւ արտահանի։  Մենք այս սեզոնին 100 դրամով կարտոֆիլ ենք ունեցել։ Ձեր սառնարանը որ բացում եք, ներսը տեսնում եք, դրան հավատացեք, ոչ թե նրան, որ ասում են՝ դուք գիտեք՝ ինչքան լավ եք ապրում, այսքան հազար աշխատատեղ է բացվել»։