Այստեղ՝ Հայաստան աշխարհում է վճռվում աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը, դրա մասին գիտեն աշխարհաքաղաքականություն իմացող մարդիկ, կարեւորն այն է, որ մենք դա գիտակցենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքին՝ ասաց բանասեր, սցենարիստ Լեւոն Գալստյանը։

«Հայրենիքը աստվածային արժեք է, հոգեւոր ամենաբարձր երեւույթը բանական մարդու համար։ Երբ մենք աչք ենք բացում եւ աշխարհ գալիս, մեզ շնորհված է տարածք, բնաշխարհ, որն անձեռակերտ է եւ մենք առաքելություն ունենք այդ հայրենիքը պահպանելու, ինչպես պահպանում եւ գուրգուրում ենք մեր ծնողներին։ Այն մարդիկ, որոնք այդ  զգացողությունը չունեն, ինձ համար նույնն են՝ ինչպես հիվանդ մորը չխնամող երեխան։ Մեր չքնաղ հայրենիքը ունի հատուկ տեղ ու հատուկ առաքելություն ամբողջ աշխարհում, չվախենանք բարձրաձայնել մեկ ճշմարտություն, հենց այստեղ՝ Հայաստան աշխարհում է վճռվում աշխարհի հետագա ճակատագիրը, մարդկության հետագա ընթացքը, դրա մասին գիտեն աշխարհաքաղաքականություն իմացող մարդիկ, կարեւորն այն է, որ մենք դա գիտակցենք։ Այնպես որ մեր հայրենիքը փրկելով՝ փրկելու ենք նաեւ մարդկությանը։ Այս խոսքերի մեջ չափազանցություն չկա»,–վստահեցրեց  Լեւոն Գալստյանը։

Լեւոն Գալստյանին մտահոգում է հասարակության պառակտումը։

«Մեր ժողովրդի այն մասը, որն ուրիշ կերպ է մտածում՝ մերոնք են։ Մենք կորցրել ենք մեր կորդինատները, տարածության եւ ժամանակի մեջ մեր կողմնորոշիչները, մեզ տրոհել, պառակտել, բաժանել են տարբեր խմբերի, կամա թե ակամա մենք սկսում ենք իրենց քննադատել, պիտակավորել, սա ճանապարհ չէ, կարծում եմ, որ մենք կգանք միասնության»,– հավելեց նա։