Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունիսի 9-ին, նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի, մեկնարկել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։
Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
Դատական առաջին նիստը տեւել է ընդամենը 5 րոպե. նախագահող դատավոր Մուշեղ Արամյանը նիստը հետաձգել է, քանի որ Անդրանիկ Մակարյանին իր մեղադրական եզրակացությունը չէր ուղարկվել։ Նիստը հետաձգելու որոշումը զոհվածների ծնողներին վրդովվեցրել է, նրանք վստահ էին, որ Մակարյանը ստացել է մեղադրական եզրակացությունը։
«Քանի կիլոմետր ենք եկել, քանի հատ դեղ եմ խմել ճանապարհին, էս գլխակերներին ով չգիտի, որ 40 երեխու տուն քանդեցին, պատերազմն իրենց համար է վերջացել, մեզ համար չի վերջացել, մենք 1 տարի 8 ամիս է՝ պատերազմի մեջ ենք։ Մենք այս գլխակերների հետ ենք պատերազմում։ Դատարանը պետք է ապացուցի, որ նրանք դավաճան են։ 40 ծնողի եկավ, հասավ Հոկտեմբերյան, Բաղրամյան, 400 կիլոմետր եկավ, հասավ, իսկ Երեւան ինչ-որ Մակարյանի թուղթ չեկա՞վ. էս ի՞նչ խաղեր են։ Ինչ նախարարություն, սաղ ծախված են։ Մակարյանը Նիկոլի շունն է, սաղ հրաժարվեցին, բայց ինքը տաք-տաք նստեց Նիկոլի կողքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասացին ծնողները։
Տուժողի իրավահաջորդներն ասացին, որ գործը Գորիսում չպետք է քննվի։ Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են բոլոր նիստերին ներկա գտնվել, սակայն այդքան ճանապարհ չեն կարող կտրել. միջնորդելու են, որպեսզի նիստերն անցկացվեն Արմավիր քաղաքում։
Գեներալ Անդրանիկ Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք եւ նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։
Ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։











