Արագածոտնի մարզի 18–ամյա բնակիչ Ժակ Սրապյանը իր ծննդավայրում սպիտակ ավազով տարածք է գտել, որը, վստահ է՝ կարող է տուրիստական կենտրոն դարձնել։

«Ամերիկացի հայտնի փոփ-երգչուհի Լեդի Գագայի «911» երգի տեսահոլովակի վերջում գրվում է՝ Armenian film festival, դրանից անմիջապես հետո գրվում է՝ white sands, այսինքն՝ սպիտակ ավազներ։ Ես սկսեցի փնտրել, վստահ էի, որ Հայաստանում կա սպիտակ ավազով անապատային տարածք եւ պարզեցի, որ տարածքը իրականություն է։ Google Maps-ով երեւում են սպիտակ գոյացություններ, մի քանի անգամ փնտրեցի, սխալվեցի, որովհետեւ տարածքը շփոթեցնող է, տպավորություն է, թե այն Սեւանի ճայերի կղզու մոտ է, բայց այդ տարածքը Արագածոտնի մարզում է»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ժակ Սրապյանը։

Ժակ Սրապյանը տարածքը Sandboarding–ի (խմբ. ավազասահք) համար ծառայեցնելու ծրագիր է մշակել White Sands անվանմամբ։

«Մայիսից հոկտեմբեր ամիսներին Դուբայում շատ շոգ է, իսկ Դուբայում 360 հազարից ավել մարդ պրոֆեսիոնալ զբաղվում է Sandboarding։ Այս ժամանակահատվածում անապատում հնարավոր չէ զբաղվել այդ սպորտաձեւով։ Իմ գրած ծրագիրը մեծ խնդիրներ է լուծում այդ մարդկանց համար. նրանք այդ ժամանակահատվածում կգան Հայաստան եւ նույն անապատում, ուղակի սպիտակ ավազով եւ ավելի բարենպաստ եղանակային պայմաններում կզբաղվեն իրենց սիրելի սպորտաձեւով»,– ասաց Ժակ Սրապյանը։

Երիտասարդ տղան ընկերների հետ մտադիր է տարածքը ճանաչելի դարձնելու համար համերգներ եւ  փառատոններ կազմակերպել։